ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի-Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս շատ լուրջ չվերաբերվել նման ուսումնասիրություններին, քանի որ բանակները բարդ կառույց են, իսկ դրանց հզորությունը` դժվար չափվող։
«Աշխարհում նման կազմակերպություններ շատ կան, որոնք կատարում են ուսումնասիրություններ և կանխատեսումներ։ Միշտ չէ, որ այդ ուսումնասիրություններն օբյեկտիվ են արվում, հատկապես, եթե դու գործ չունես տվյալ բանակի հետ, անձամբ չես շփվել։ Նման կենտրոնները հաշվի չեն առնում այդօրինակ բաները»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Որպես ասվածի ապացույց` Հովհաննիսյանը մեջբերեց ուկրաինական օրինակը։ Նման կազմակերպություններից մեկը 2013-14 թվականներին ուկրաինական բանակի մարտունակությանը մեծ տեղ էր տալիս, չափման միավորներն էին` ինչքան գումար է հատկացվում բանակին, ինչքան հրասայլ, ինչքան հրետանի, ուղղաթիռ ու նավ ունեն։
«Նույն այդ տարում` 2014 թվականին, ուկրաինական բանակն ուղղակի խայտառակ եղավ, շատ լավ օրինակ է`բանակը մարտունակության քանակով կամ հատկացված գումարներով չափելու»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Զրուցակցի խոսքով` պետությունը կարող է ունենալ հին տեխնիկա, բայց միաժամանակ շահագործելու այնպիսի մշակույթ և փորձառություն, որ ավելի մարտունակ պահի իր տեխնիկան, քան այն պետությունը, որ ունի նոր տեխնիկա, բայց այնքան էլ լավ չի կարողանում շահագործել այն։
«Նման կառույցներում աշխատելաոճը հետևյալն է` վերցնում են առաջին եռյակը կամ քառյակը ճիշտ, որովհետև դա շատ երևացող է, հայտնի է աշխարհին, իսկ առաջին տասնյակից հետո պետություններ են, որոնք երկար չեն պատերազմել կամ իրենց մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերցնում են հրապարակված տվյալներ, դրանք ամփոփելով` պատրաստում ռեյտինգներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա շեշտեց` ամբողջ աշխարհի մակարդակով հզոր բանակ որոշելն անլուրջ է։ Այլ բան է, եթե որոշեին, թե տվյալ տարածաշրջանում որ բանակն է առավել մարտունակ։ Իրապես հզոր բանակներ էլ կան, որոնք ստուգումների համար անհասանելի են։
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի` հզորությամբ 59-րդ տեղը գրավելուն, ապա Հովհաննիսյանն ասաց. «Դա արդեն անլուրջ եմ համարում, 36 կետով առաջ ընկած բանակը 20 տարի պարտություն է կրում ամեն օր»,-ասաց նա։
Տեղեկացնենք, որ Global Firepower պորտալի ուսումնասիրությունները հիմնվում են ավելի շատ երկրի բանակում զինվորական տեխնիկայի քանակի, զորքի քանակի և ծախսած գումարների վրա։ Հաշվի չի առնվում զորքի մարտունակությունը, անցած պատերազմական ուղին և այլ կարևոր մանրամասներ։