ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Անտոն Զամկովը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց «Պլատոն» համակարգի կիրառությունը։ Զամկովը նշեց, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։
«Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին` որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել։ Համակարգով կարելի է տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին։ Ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։
Նախարարն իր հերթին, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը` նշեց, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։
Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։