«Հայոց աշխարհ». Ցանկալի լուծում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի լը Պենը Ղարաբաղյան հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որն հնարավորություն կտա Արցախին վերամիավորվել Հայաստանի հետ:
«ԽԱՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»:
«Հրապարակ». Ալեքսանյանի կրեատիվ քարոզչությունը՝ կրեատիվ վերջաբանով. լուրը կայծակի արագությամբ տարածվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։
Նրա թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ` պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, և նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։
Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել՝ Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»:
«Հայկական ժամանակ». Սուր պայքար Կոտայքի մարզում․ Վարդան Այվազյանը կարող է վերադառնալ ԱԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նա մանդատ ստանալու համար բավարար ձայներ չի ստացել:
Ազգային ժողով վերադառնալու հնարավորություն, սակայն, նրա համար կարող է ստեղծվել: Բանն այն է, որ Կոտայքի մարզում Վարդան Այվազյանը ստացել է ընդամենը 7 հազար 226 ձայն և հայտնվել է չորրորդ տեղում Սամվել Սանամյանից, Անդրանիկ Հարությունյանից և Արամ Հարությունյանից հետո: Բայց, մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում կա, որ Սամվել Սանամյանը մնա գործադիրում, իսկ Անդրանիկ Հարությունյանը իր՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում:
Այս դեպքում արդեն Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությանը բաժին ընկնող երկու մանդատները կհասնեն Վարդան Այվազյանին և Արամ Հարությունյանին: Մինչդեռ, որոշ տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Հարությունյանը պայքարում է և չի ցանկանում հրաժարվել մանդատից»:
«Ժողովուրդ». Վարչապետը ոչ մի կերպ Արման Սահակյանին չի ուզում տեսնել գործադիրում. նրա համար այլ տարբերակ են գտել
Թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի գործադիրում, և նրան կգործուղեն խորհրդարան:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում:
Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել ևս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»: