ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երևանի մետրոյում ուժեղացվել է հսկողությունը. ստուգվում են կասկածելի անձանց պայուսակները, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։
«Մեր քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` մենք ուժեղացրեցինք վերահսկողությունը մետրոպոլիտենի կայարաններում։ Ես զրուցել եմ գործընկերներիս հետ, նախազգուշական միջոցներ կիրառվել են ԱՊՀ բոլոր երկրների մետրոներում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։
Յայլոյանն ընդգծեց, որ նախազգուշական այս միջոցները կիրառվում են ԱՊՀ երկրների բոլոր մետրոպոլիտեններում։ Նրա խոսքով` մասնագետները հետևում էին տեսանկարահանող սարքերին, անհրաժեշտության դեպքում ոստիկանությունները լրացուցիչ զննում են կասկածելի չափեր ունեցող պայուսակները։
«Մեր փորձից ելնելով` կարելի է ասել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման երևույթներից։ Եթե տեսնում եմ, որ Մոսկվայի գործընկերս նման աշխատանք է տանում, մենք նույնպես պարտավոր ենք անել դա»,- ասաց Յայլոյանը։
Նախօրեին ԱՊՀ մասնակից-երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվածություն էին ձեռք բերել շարունակել համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Երկուշաբթի ժամը 14:30-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններ տեղի ունեցան, նախնական տվյալներով 14 մարդ մահացել է, մի քանի տասնյակը վիրավոր են։ Տուժածների թվում կան երեխաներ։ Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացման մեջ մեղադրվում է Ղրղըզստանից եկած անձ։
Պայթյունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» մետրոյի կայարանների մոտ։ Հարուցված է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, այդուամենայնիվ, հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 4-ից Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել։