ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Վրաստանը գլխավորում են այն երկրների ցանկը, որտեղ ռուսաստանցիները նախըտրում են անցկացնել մայիսյան տոները: Այս մասին նշված է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) կայքում։
«Այդ ուղղությունների առավելություններն են կարճատև թռիչքը, լեզվական հարմար միջավայրը և առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը», — նշված է հաղորդագրության մեջ։
Շուկայի մասնակիցների կարծիքով՝ այդ ուղղություններն այս տարի ավելի մեծ պահանջարկ ունեն, քան նախորդ տարի։ Դրան նպաստել է և՛ ռուբլու կայունացումը, և՛ երկարատև ճանապարհորդության հնարավորությունը, քանի որ մայիսյան տոներին գումարվել են նաև ապրիլի վերջին հանգստյան օրերը։ Տուրօպերատորների գնահատմամբ՝ Հայաստանի առավելություններն այս տարի շատացել են, քանի որ 2017 թվականի փետրվարից ՌԴ քաղաքացիներն արդեն կարող են երկիր մուտք գործել իրենց ներքին անձնագրերով:
«Այս տարի մայիսյան տոների համար Հայաստանն ամենապահանջված ուղղությունն է, հիմնականում արդեն ձևավորված խմբեր կան»,- ասել է «Ալեան» ազգային տուրօպերատորի արտադրանքի գծով տնօրեն Դմիտրի Պոպովը։
Զբոսաշրջիկները նախընտրում են էքսկուրսիոն հանգիստ անցկացնել Հայաստանում և Վրաստանում։
«Համակցված տուրերը, որոնց մեջ ներառված են Հայաստանն ու Վրաստանը, մայիսյան տոների համար դեռ ամենաքիչ պահանջարկն ունեն», — նշել է Պոպովը։
Անցած տարի Վրաստանն էր մեծ հետաքրքրություն առաջացրել, իսկ այս տարի զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրեթե հավասար է բաշխվել։
«Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանված նորույթից հետո, այն է՝ ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորությունը, մենք անկալում ենք, որ հայաստանյան տուրերի վաճառքների թիվը կաճի», — ասել է «Մուլտիտուր» տուրօպերատորի տնօրեն Դմիտրի Շարովը։
2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։ ՔԱԳՎ-ի տվյալով՝ մեկ ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ռուսաստանցի։