ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Գործարար-հրեշտակները» կաջակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ սթարթափ ընկերություններին, լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ըստ Մարտիրոսյանի` նախարարության այս նախաձեռնությանն աջակցել է նաև մասնավոր հատվածը։
«Հաշվի առնելով վերջին ամիսների մեր գործունեությունը` ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, տարբեր քննարկումները, մենք մասնավոր հատվածի հետ համատեղ եզրակացրինք, որ սթարթափ ընկերությունները մեծ խնդիրների առաջ են կանգնում, առաջին հերթին` ֆինանսական», — ասել է գերատեսչության ղեկավարը։
Մարտիրոսյանը նշեց, որ որոշակի հաջողությունների և բարձունքների հասած մի շարք ընկերությունների (մասնավորապես մեծ հաջողություն և պահանջարկ վայելող Zangi հավելվածի ստեղծողների) հետ տարբեր քննարկումներից հետո մասնագետները որոշել են` պետք է ստեղծել մի ընկերություն, որը կկարողանա ֆինանսավորել սթարթափ ընկերություններին։
«Մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը։ Արևմտյան երկրներում կա մի այսպիսի հասկացություն `«գործարար-հրեշտակ» (մասնավոր վենչուրային ներդրող, որը զարգացման վաղ շրջանում կազմակերպությանն ապահովում է ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ — խմբ.)։ Մենք դեռ չենք մտածել, թե ինչպես կանվանենք այդ կազմակերպությունը Հայաստանում», — նշել է նա։
Նախարարն ավելացրեց` մտադիր են հիմնադրամ ստեղծել, որը կֆինանսավորի սթարթափով զբաղվող երիտասարդ մասնագետներին։ Աջակցության նախնական գումարը 200 հազար դոլար է, սակայն այդ թիվը կավելանա, եթե բացառիկ գաղափար ներկայացվի։
Գումարն, ըստ նրա, կարող է հասնել մի քանի մլն դոլարի։
«Հիմնադրամը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործում։ Հայ մասնագետները որոշակի փորձ ունեն այդ բնագավառում, ինչն էլ կօգնի գործարկել «գործարար-հրեշտակ» գաղափարը Հայաստանում», — ասաց Մարտիրոսյանը։
Պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչով կարելի է զարմացնել տարածաշրջանի երկրներին, ու մեր երկրում կա արդյոք պահանջարկ ունեցող արտադրանք, նախարարը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ակտիվ համագործակցում է Իրանի և Վրաստանի հետ։
Բացի այդ, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը ՏՏ ոլորտի գործընկերների հետ համագործակցության հարցեր է քննարկել։
Նա ավելացրեց նաև, որ Իրանի, Վրաստանի և Թուրքմենստանի գործընկերները ընդունել են Հայաստան այցելելու հրավերը, որպեսզի քննարկեն ՏՏ ոլորտին վերաբերող արդիական հարցերը։