ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ է ներկայացրել լրագրողներին` անդրադառնալով նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցին։ Այս մասին հայտնում է artsakhpress-ը։
Ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով` այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:
«Այսօր Անջեյ Կասպրշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը։
Նա ավելացրել է, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր: