ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները Երևանում կմնան մինչև ժամը 16-ը։ 16։00-ին նախատեսված է նրանց թռիչքը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Ղազախստանի ֆուտբոլիստների թռիչքը նախատեսված էր մատի 27-ին, տեղական ժամանակով 00։30-ին։ Սակայն այն իրականացվել է 1։13։ Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով` օդանավը վերադարձել է և ժամը 2:46-ին հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Սեվեր-Սթար» ավիաընկերությանը»,-ասել է Սաթենիկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականը Երևան էր ժամանել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ հանդիպման համար։