Վիկտոր Իսարյան՝ հատուկ Sputnik Արմենիայի համար
Պատմություն և փորձ
Թեև մերսում (մասաժ) բառը ֆրանսիական ծագում ունի, այդ երևույթն առաջինը ծնվել է արևելյան քաղաքակրթությունների դարաշրջանում: Առաջին մերսողները եղել են պաշտամունքի սպասավորներ: Կան գրավոր վկայություններ, որ մ.թ.ա. 4000 տարի առաջ հին ասորիները, պարսիկները և եգիպտացիներն օգտագործել են այդ ժողովրդական մեթոդը՝ կազդուրիչ և բուժիչ նպատակներով: Հռոմեացի զինվորները մարտերից հետո մերսել են վնասված տեղերը, որպեսզի թեթևացնեն ցավը և վերացնեն կապտուկները: Հին Չինաստանում բժշկական-մարմնամարզական դպրոցներում մերսումը հիմնական ճյուղերից է եղել: Նույնիսկ մեծ Հիպոկրատը հին մանուալ թերապիայի նրբությունների գիտակ էր: Նա գրել է, որ «փափուկ, նուրբ և չափավոր շփումը հաստացնում է մկանները, իսկ չոր, հաճախակի մերսումը՝ ձգում է դրանք»:
Ավելի ուշ շրջանում մերսումը համարվել է հեթանոսության մնացուկ ՝ երկար ժամանակ դուրս մնալով գիտական բժշկության շրջանակից: Եվ միայն ХVIII դարում սկսվել է մանուալ թերապիայի կիրառման նոր փուլ: Ժամանակակից բժշկությունում մերսումը համարվում է կենտրոնական նյարդային համակարգի վրա բուժական ազդեցության ֆիզիոլոգիական մեթոդ: Մերսման հիմնական տեսակները չորսն են՝ սպորտային, բուժական, հիգիենիկ և կոսմետիկ:
Պրոֆեսիոնալ մերսող Երվանդ Հարությունյանը նշում է, որ այդ մասնագիտությունը սովորել է բժշկական ուսումնարանում, իսկ հետո պարբերաբար հաստատել է իր որակավորումը Բուժանձնակազմի կատարելագործման կենտրոնում՝ արտոնագիրը երկարացնելու համար:Բայց նա արդեն վաղուց չի աշխատում իր մասնագիտությամբ:
«Շուկայում պատշաճ առաջարկներ չկան, իսկ փողոցային սրահների հսկայական քանակությունը տեղ չէ որակյալ կադրերի համար», — ասաց Երվանդը:
Նրա խոսքով՝ մերսողը պարտավոր է աշխատել ֆիզիոթերապևտի խիստ հսկողության տակ, իսկ այդ հաստատությունները հավաքում են մարդկանց, որոնք հեռու են մերսման հատկությունների մասին խորը գիտելիքներից:
Ձեռքի գործ
Նման սրահների մեկի համասեփականատերը համաձայնեց բացահայտել իր բիզնեսի գործունեության սխեման: Հարևանի հաջողակ փորձը դրդել է նրան ներդրում կատարել այս գործում:
«Մերսման ծառայությունները թիրախային պահանջարկ են վայելում: Տեղի բնակիչները մեզ մոտ չեն գալիս: Դրանցով հետաքրքրվում են իրանցի և արաբական երկրների զբոսաշրջիկները, որտեղ նման բան չկա: Հիմա նրանց մոտ տոնական շրջան է, ուստի մենք լավ եկամուտ ունենք:
Բաց դա չի նշանակում, որ նրա հաստատության առջև երկար հերթեր են գոյանում: Սրահների միջև լուրջ մրցակցություն է ընթանում: Այցելուներ գրավելու համար Արմենը մի ամբողջ մեխանիզմ է մշակել:
«Փողոցային «մուշտարի կանչողները» գիտեն հյուրերի լեզուները և սովորությունները: Նրանք մոտենում են արտասահմանցիներին և քաղաքավարի զրույցի բռնվում: Եթե ամեն ինչ լավ է ավարտվում, ապա նա ստանում է իր տոկոսը», — ասաց Արմենը:
Երևանի բնակիչների մոտ նման հաստատությունները վատ ասոցիացիաներ են առաջացնում, բայց գործարարը վստահեցնում է, որ իրեն հայտնի սրահներն աշխատում են ըստ էության: Նրա կարծիքով՝ միամտություն է մտածել, թե ամբողջ քաղաքով մեկ նման օբյեկտները գործում են օրենքից դուրս. ոստիկանությունը քնած չի: Նա չհերքեց, որ խիստ բարքերով երկրների զբոսաշրջիկները գալիս են իր հասատություն ոչ թե բուժվելու, այլ զվարճանալու համար:
«Նրանց համար անսովոր է սովորական հանգստացնող մերսումը: Ուստի նման աշխատանքի տեղավորվելիս բավական է ունենալ հավաստագիր՝ կարճաժամկետ վճարովի դասընթացներ ավարտելու մասին», — ասաց Արմենը:
Նա շուտով նա կընդլայնի իր հաստատությունը: Նախատեսում է բացել արևելյան ռեստորան և ամբողջությամբ կենտրոնանալ Մերձավոր Արևելքի երկրների հյուրերի սպասարկման վրա՝ հեռու «օտար աչքից»:
Եղավ, անցավ
Խոսելով տեղի գործարարների նման անսովոր գործելաոճի մասին՝ տնտեսական մեկնաբան Աշոտ Արամյանը հեգնանքով հիշեցնում է Իլֆի և Պետրովի «12 աթոռ» կատակերգությունում N քաղաքի նկարագրությունը: Այնտեղ այնքան շատ վարսավիրանոցներ և թաղման բյուրողներ կային, որ թվում էր՝ քաղաքի բնակիչները ծնվում են միայն սափրվելու, մազ կտրելու, սանրվածքը թարմացնելու և իսկույն մահանալու համար:
Նրա կարծիքով՝ միամտություն է կարծելը, որ բոլոր մերսման սրահներն գործում են միայ բուն նշանակությամբ: «Հասկանալի է, որ ոչ ոք բացահայտ չի հայտարարում իր ուղղվածության մասին, քանի որ դա բավական կասկածելի ոլորտ է», — ասաց Արամյանը:
Նա նշեց, որ քանի դեռ պահանջարկ կա, այդ ուղղությունը շահավետ և տարածված կլինի: Բայց ժամանակի հետ այդ ծառայությունները մոռացության կմատվեն, ինչպես դա տեղի ունեցավ կոմիսիոն կրպակների, խորովածանոցների, լոմբարդների և այլ փողոցային բիզնես ձևաչափերի հետ: