Հաղթանակը ցույց է տալիս, թե մարդ ինչ կարող է անել, պարտությունը` թե նա ինչ արժե: Ահաբեկչությունն առայժմ հաղթանակում է, հակաահաբեկչությունը` պարտություն կրում: Ահաբեկչությունը նոր բան չէ, և հիմնադիրներն էլ միայն արմատական իսլամիստները չեն: Այո, այսօր խիտ գրաֆիկով իրականացվող ստորություններն ավելի շատ են, քան առաջ, բայց ամեն մի դարն ունի իր աղետը: Այդ իմաստով հետաքրքիր է, թե այդ նողկալի երևույթին ինչ գնահատականներ են տվել քաղաքական և հասարակական հայտնի գործիչները։
Հռչակավոր ռուս ռեֆորմատոր Պյոտր Ստոլիպինի պատգամներից
«Պետությունը կարող է, պետությունը պարտավոր է վտանգի մեջ հայտնվելու դեպքում ընդունել ամենախիստ, ամենաբացառիկ օրենքները, որպեսզի ինքն իրեն հետ պահի քայքայումից»: Դա ասվել է այն ժամանակ, երբ անվերահսկելի ահաբեկիչները վազվզում էին քաղաքներում և պայթեցնում իշխանության ներկայացուցիչներին ու խաղաղ բնակիչներին: Այդ ժամանակ տաժանավայր էին ուղարկվում տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավորներին էլ կախաղան էին բարձրացնում։
Իսպանա-ամերիկյան պատերազմի պատմությունից
Վլադիմիր Պոզների խոսքերից
«Ֆիլիպիններում քսաներորդ դարի սկզբում ամերիկացիների դեմ գործում էին իսլամական ահաբեկիչները:
Ամերիկյան կայազորի հրամանատար գեներալ Ջոն Փերշինգը հասկանում էր, որ ահաբեկիչները չեն վախենում մահից, հակառակը`նրանք նույնիսկ ձգտում են մահվան, և նա փորձում էր հասկանալ, ինչ է կարելի անել այդ դեպքում: Ու նա գտավ ձևը: Ամերիկյան զինվորները հիսուն ահաբեկիչ գերեվարեցին, գեներալը հրամայեց կապել նրանց սյուներին, ապա խոզ բերել, մորթել, մասնատել, փամփուշտնեին քսել խոզի արյունն ու խոզի ճարպը, հրացանները լցնել այդ փամփուշտներով և դրանցով սպանել քառասունինը հոգու: Ապա փաթաթել սպանվածներին խոզի կաշվով, նետել գերեզմանն ու վրան խոզի աղիքներ լցնել:
Պարզվում է` ըստ մուսուլմանական հավատքի` մարդն այդ դեպքում ոչ թե դրախտում է հայտնվում, այլ` դժոխքում: Նրանք արեցին այդ ամենը, իսկ հիսուներորդ գերուն ազատեցին: Նա, իհարկե, փախավ, տեսածը պատմեց մյուսներին, և դրանից հետո այլևս ոչ մի ահաբեկչական գործողություն չիրականացվեց»:
Իսրայելի գլխավոր ռաբբիի Իցհակ Յոսեֆի խորհուրդներից
Երկրից աքսորել գոյերին, այսինքն` ոչ հրեաներին: Բայց ոչ թե անխտիր բոլորին, ովքեր ձեռքի տակ կընկնեն, այլ միայն նրանց, ովքեր Նոյի հետնորդների օրենքները չեն կատարում: Այդ պատգամներն արգելում են կռապաշտությունը, աստվածանարգությունը, մարդասպանությունը, շնությունը, գողությունը, չսպանված կենդանու միս ուտելը։
Ի՞նչ է արվել Եվրոպայում մի շարք ողբերգություններից հետո:
«Charlie Hebdo» ֆրանսիական հայտնի պարբերականը կրկին ծաղրեց ահաբեկչական գործողությունները: Փարիզի քաղաքապետարանը հերթական անգամ Էյֆելյան աշտարակը ներկեց այն պետությունների դրոշների գույներով, որոնք ահաբեկչության զոհ են դարձել: Օտար երկրների դեսպանատների մոտ կրկին ծաղիկներ տարան և քարացան մեկ րոպե լռության մեջ:
Հեռագրեր, զանգեր, պետական գործիչների ուղերձներ. «Կիսում ենք, ցավակցում ենք, մենք ձեզ հետ ենք…»։
Երկու խոսք էլ հեղինակից
Անսահման ազատությանն ուղղված հոգեփրկիչ քարոզներն ավելի ու ավելի հաճախ են հանգեցնում անսահման ահաբեկչության: Մեծանում է սպանվածների, վիրավորների ու այլանդակվածների թիվը: Ի՞նչ անել: Պատրաստ լինել: Միշտ և ամեն ինչի: Ինչպե՞ս:
Կրկին պատմությունից
1870 թվականին, Ֆրանսիայի վրա հարձակվելու նախօրեին, Գերմանիայի գլխավոր շտաբի պետ Մոլտկեն գիշերում էր իր կալվածքում: Նրա մոտ սպա էին ուղարկել հայտնելու, որ վաղը պատերազմ է սկսելու: «Լավ, ձախ դարակից աջից երրորդ թղթապանակը վերցեք» — ասաց Մոլտկեն սպային և նորից քնեց:
Եվ այսպես, տարբեր տեսակի ահաբեկիչների դիմակայմանը պետք է պատրաստ լինել մոտավորապես այնպես, ինչպես Հելմոտ Կառլ Մոլտկեն էր պատրաստ: Իսկ ավելի լավ կլիներ` ավելի պատրաստ: Պատերազմը պատերազմ է մնում: Վարվել խաղաղ ժամանկվա կանոններով, երբ դրսում պայթուններ են և սպանություններ, իսկ Թեմզայի ափերին անիվների տակ ճխլում են պատահական մարդկանց, նշանակում է անառարկելի պարտություն կրել: ժամանակն է ցույց տալ թե ինչի ենք մենք ընդունակ և ինչ արժենք: Եթե իհարկե ինչ-որ բանի ընդունակ ենք ու դեռ ինչ-որ բան արժենք: