Արմենուհի Մխոյան, Sputnik.
Գյումրիում գործի են դրվել քարոզի հնարավոր ու անհնար թվացող բոլոր «գործիքները», սակայն միայն ապրիլի 2-ից հետո պարզ կդառնա, թե քաղաքական ուժերից ով էր ամենահնարամիտը։
Մինչ այդ կուսակցություններն ու դաշինքները կարողանում են Գյումրիում ոչ միայն դահլիճներ լցնել, այլ նաև` հրապարակներ։ Մյուսներն ընտրում են թաղային հանդիպումները:
Ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ տանը մնացած և ամուսնության վերջին հույսը չկորցրած հարազատի պես փորձում են այնպես գովաբանել իրենց թեկնածուին, որ ուզում ես հավատալ՝ ամեն մեկը մի փրկիչ է: Ծրագրային առումով էլ տարբերություն չկա՝ ժողովրդին հրամցվում է այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել՝ ավանդների վերադարձ, աշխատատեղերի ստեղծում, տնտեսական աճ, թոշակի բարձրացում, արտագաղթի կանխում, մի խոսքով՝ խաղաղ, լուսավոր ու անհոգ կյանք:
Արդեն փորձառու գյումրեցին վստահ է՝ փոփոխություն չի լինի, սա ընդամենը մանդատի պայքար է:
«Ոչ մեկի հետ էլ հույսերս չեմ կապե, գիտեմ` ամեն մեկն իրա անձնական աթոռի կռիվը կենե»,- ասում է գյումրեցին:
Գյումրեցիներից շատերն էլ խոսում են ընտրակաշառքի մասին, ասում են` երևույթը կա, բայց ընտրություններին մասնակցելու են սեփական խղճի թելադրանքով:
«Դրամ բաժանելու մրցավազք է սկսվել, մեկը մեկի հետևից տները մտնում, պասպորտի համարները վերցնում ու ցուցակագրում են, գումար են խոստանում. ով ինչքան կարող է, կուտա: Էդքան էլ ասում ու զգուշացնում են՝ օգուտ չկա,-նշում է գյումրեցիներից մեկը, ապա ավելացնում,- բոլորն իրենց համար, իրենց աթոռի համար են անում, ժողովրդի համար հո չէ՞»։
Գյումրեցի մի կին էլ ավելացնում է. «Կուզենք այնպիսի մարդիկ ընտրվեն, որ ժողովրդի դարդին դարման անեն»:
Ժողովուրդն իր դարդին դարման անող է ուզում, թեկնածուները՝ ձայներ: Ազգային ժողովի ընտրություններին էլ հաշված օրեր են մնացել։