Ցայտաղբյուրների առկայությունը մեր հպարտ ու լեռնային երկրի այցեքարտն է։
Ջուրը կյանքի «անկյունաքարն է», այն անհրաժեշտ է ծարավը հագեցնելու, ինչպես նաև առողջությունը պահպանելու համար։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն աշխատատեղեր ստեղծելու առումով, ինչն իր հերթին տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացում է ապահովում։
Ջուրը մեծ դեր է խաղում ամբողջ մարդկության համար, մասնավորապես հայ ժողովրդի։ Պատահական չէ, որ հենց ջրի հետ են կապված քրիստոնեական մի շարք ծիսակատարություններ, որոնցից մի քանիսը հազարամյակների պատմություն ունեն։ Այստեղ պետք է նշել հատկապես «Վարդավառը», որը մեծ շուքով է նշվում Հայաստանում։
Երկիրը հայտնի է նաև իր հանքային աղբյուրներով։ Լեռնային մի շարք գետերի առկայությունը Հայաստանին դարձնում է տարածաշրջանային խոշոր գետերի ջրերի կարևոր մատակարար։ Ջուրը Հայաստանի ունեցած ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից է։
Հայաստանում ցայտաղբյուրների առկայությունը երկրի, մասնավորապես մայրաքաղաքի այցեքարտն է։ Ջրի մաքրությունն ու համը չեն դադարում զարմացնել օտարերկրացիներին։
ՄԱԿ-ի տվյալով` այսօր ավելի քան 663 մլն մարդ զրկված է բնակավայրերին մոտ գտնվող խմելու ջրի աղբյուրներից։ Ջրով ապահովված լինելու համար մարդիկ ստիպված են շատ ժամանակ ծախսել, հերթ կանգնել կամ ոտքով մեծ տարածություններ անցնել։
Հոսող ջրի ավելի քան 80 տոկոսը չի վերամշակվում։
Աշխարհում շուրջ 1.8 մլրդ մարդ ստիպված է արտաթորանքներից աղտոտված ջուր օգտագործել, ինչի հետևանքով աճում է խոլերայի, դիզենտերիայի, տիֆի և պոլիոմելիտի վտանգը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` 2014 թվականին շուրջ 842000 մարդ մահացել է աղտոտված ջրի օգտագործումից առաջացած հիվանդություններից։
Ջրահավաքման, վերամշակման և մաքրման համակարգի ստեղծումն ու արդիականացումը հասարակության համար մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ջուրը, որպես կենսունակություն ապահովող ռեսուրս, պահպանման կարիք ունի, որովհետև կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։