ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputik. Երևանը հյուրընկալ քաղաք է և տարեցտարի զբոսաշրջիկների մեծացող հոսքի մեջ հատկապես տարվա այս ժամանակահատվածում մեծ է հարևան Իրանից Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը: Արդեն երկրորդ տարին է` Երևանի քաղաքապետարանը մարտի 20-31-ը՝ Նովրուզի օրերին, մշակում է հատուկ ծրագիր: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
«Մասնավորապես նախքան «Երևան Սիթի-Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու տարեշրջանի պաշտոնական բացումը, զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկազմակերպվեն գարնանային հատուկ տուրեր պարսկերենով»,- նշել է Գևորգ Օրբելյանը:
Իրանցի և առհասարակ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների համար Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ կբացվի իրանական ժառանգությանը վերաբերող «Մշակույթների երկխոսություն» խորագրով երկրորդ ցուցահանդեսը:
Բացի այդ, Երևանի մուտքը հանդիսացող մի շարք փողոցներում և պողոտաներում՝ այդ թվում Իսակով, Արշակունյաց, տեղադրվել են թեմատիկ վահանակներ՝ «Բարի գալուստ Երևան» բովանդակությամբ:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում իրանցի զբոսաշրջիկներին երկլեզու՝ անգլերեն և պարսկերեն քարտեզներ են բաժանվելու, որոնք Երևանի հյուրերին կհուշեն մայրաքաղաքի տեսարժան վայրերի գտնվելու և այնտեղ հասնելու տարբերակների մասին:
Իրականացվող միջոցառումները, ինչպես նշել է Գևորգ Օրբելյանը, մեկ անգամ ևս ընդգծում են Երևանի հյուրընկալությունն ու հարմարավետությունը, ինչն արդեն հաջորդ տարի կարող է ապահովել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցը Երևան: