ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Քաղաքական ուժերից երկուսն ընտրական դաշտը սրբում են ընտրակաշառքներով: Հանրապետության բոլոր մարզերում մարդիկ սովոր են թեկնածուից գումար ստանալ: Ամփոփելով քարոզարշավի անցած 15 օրերին ընտրողների հետ հանդիպումներից ստացած տպավորությունն` ասաց ՙԱզատ Դեմոկրատներ՚ կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք Բագրատյանը փաստեր ունի և պատրաստվում է դրանք ներկայացնել իրավապահներին, թեկնածուն ասաց.
«Ես թքած ունեմ իրավական քայլերի վրա: Ամբողջ քաղաքում պտտվում ընտրակաշառք են բաժանում, դուք ասում եք՝ իրավական: Ես ամեն շաբաթ հանդիպում եմ մի մարդու, ով ինձ ասում է՝ ինձ տվել են, ես չեմ կարող, բայց ես ուշադրությամբ հետևում եմ ձեր քարոզարշավին: Կամ` Արմավիրի մարզում ինձ մոտեցել են, ասում են ՝ ինչքա՞ն փող եք բերել, ամոթ չե՞ք անում՝ առանց փողի եկել եք: Հիմա դուք ասում եք՝ պատրաստվում ե՞ք դիմել դատարան: Իրենք էլ, իրենց դատարանն էլ»:
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իշխանության գալու դեպքում, աշխատանքից ազատելու են բոլոր 450 դատավորներին ու նոր, երիտասարդ կադրերով ձևավորելու են նոր դատական համակարգ:
«Ամբողջությամբ կմաքրվի նաև բանակի վերնախավը: Բոլորը կուղարկվեն ՙպատվավոր թոշակի՚: Ամբողջությամբ կմաքրվի պետական անվտանգության համակարգը, որն այսօր լրտեսում է իր քաղաքացիներին: Կփոխվի ոստիկանության ողջ վերնախավը: Լևոն Երանոսյանին, հաստատ, աշխատանքում չեք տեսնի»,- ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի, իրենք ոչ միայն աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու խոստումներ են շռայլում, այլև մատնանշում են այն ռեսուրսները, որոնց հաշվին դա պետք է անեն:
«Միակ քաղաքական ուժը, որ հաշվել է, որ այս քաղաքականության արդյունքում բյուջեն կաճի այսքան և այդ աճից հետո փողը կբաժանենք այսպես` մենք ենք,- ասաց Բագրատյանը,- մյուսները գրել են ծրագիր, բայց դա ծրագիր չէ, միջոցառումների շարան է, իրենք չեն գրում տորթը որտեղից է, տորթը բաժանում են, բայց դեռ չունեն»:
Տորթով, թե առանց դրա, բայց Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի, կարծում է Բագրատյանը: ՙԵրկիրը հիվանդ է քաղցկեղով՚,- ասաց Բագրատյանը: Բայց դեռ հնարավոր է բուժել, եթե միայն օգնությունը չուշանա: