ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին անդրադարձ է կատարել The Washington Post-ը։ Ֆիլմը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ:
«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։
«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու-չկոչելու հարցը: Վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը», — ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:
Հոդվածագիրը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, ով բազմիցս նշել է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու միջոցով:
Պարբերականը հոդվածի վերջում նշում է, որ Թուրքիայի ճնշման հետևանքով է, որ կինոասպարեզում ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու հայերի հերոսական դիմադրության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը։