ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ թեև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությանը չի հաղթել, բայց հրաժարական տալու մտադրություն էլ չունի: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:
Մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը, Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում իշխանություններն իրավաբանորեն անհնար են համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակը ներկայացնելուց հետո հայտարարել է, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Աթեշյանը նաև հայտնել է, որ Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված գրության ու ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ Պոլսի պատրիարքարանը որևէ պաշտոնական հայտարարություն կամ բացատրություն չի ներկայացնի:
«Ակոսը» նշում է, որ Աթեշյանը պատրիարքի տեղապահի ընտրություններում պարտություն է կրել ձայների 23/11 հարաբերակցությամբ: Վերջինս նահանգապետարանի նամակը ստացել է մինչ ընտրությունների մեկնարկը՝ 13:47-ին, սակայն սպասել է ընտրության արդյունքներին, որոնք մեկնարկել էին 15:00-ին: Այնուհետև, հաշվելով ձայները, հայտարարել է՝ «Ընտրվել է սրբազան Բեքչյանը» և հեռացել մեկ այլ սենյակ: Այնուհետև Աթեշյանը վերադարձել է՝ ձեռքին Ստամբուլի նահանգապետի տեղակալի նամակը, և հայտարարել, որ կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ պետությունը «նպատակահարմար է գտնում»: