ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանը կարող էր արժանանալ Սիրիայի ճակատագրին, եթե այն չապահովեր իր անվտանգությունը` ստորագրելով համապատասխան պայմանագրեր և տեղակայելով իր տարածքում ռուսական ռազմակայան, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում իրավիճակն անկայուն է` բազմաթիվ սպառնալիքների շարքում կա նաև ռազմականը։
«Մենք բազմաթիվ պատերազմների ականատես ենք դառնում։ Այդ հակամարտությունները կրում են ոչ միայն տարածաշրջանային բնույթ, դրանցում ներառված են համաշխարհային խաղացողներ։ Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում։ Գոյություն ունի «կառավարվող քաոսի» տեսություն, ինչն էլ Սիրիային կանգնեցրել է նման իրավիճակի առաջ», — ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով` այդ հակամարտության մեջ զգալի դեր է խաղում Անկարան։ Այն հայտարարությունը, թե Թուրքիան փոխվել է, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այդ մասին վկայում է նրա ներխուժումն Իրաք և այսպես կոչված «անվտանգության գոտին», որն Անկարայի կողմից ստեղծվել է Սիրիայի տարածքում։
Այստեղ որպես կայունացնող գործոն է հանդես եկել Ռուսաստանը։ Այն աջակցել է Սիրիայի կառավարությանը, այդ երկրի տարածքային ամբողջականությանը։ Հարությունյանի խոսքով` ընդամենը մեկ տարում սիրիական և ռուսական կողմերը համատեղ ջանքերով հասել են զգալի արդյունքների։
«Մենք սիրիական հակամարտությունից գտնվում ենք ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Բայց մենք ապահովել ենք մեր անվտանգությունը` 1992թ-ին Ռուսաստանի հետ ստորագրելով մեծ պայմանագիր և ստեղծելով ՀԱՊԿ-ը։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր ընտրությունը ճիշտ էր։ Այլ երկրների տարածք ներխուժելը խնդիր չէ Թուրքիայի համար։ Իսկ մեր դեպքում նման գործողությունների հավանականությունն ավելի բարձր կլիներ, եթե այստեղ չլիներ ռուսական ռազմակայանը», — նշեց Հարությունյանը։
Նրա կարծիքով` Ռուսաստանի հետ պայմանագիրը բացառել է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում, և հայկական կողմը կարողացել է հաղթանակի հասնել Արցախում։
Հարությունյանը նշեց, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը` ստորագրված Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից, Մոսկվայում, ամփոփել է այն համաձայնագրերը, որոնք ապահովում են Հայաստանի անվտանգությունը։