ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանը հետևողականորեն բարձրացնում և ամրապնդում է պաշտպանությունը, այդ թվում` իր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։ Մենք ստեղծել ենք Զորքերի միացյալ խմբավորում, ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։ Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռազմաբազան, նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում։
«Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն էր 2013թ-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցելությունը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան, որտեղ քննարկվել են ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման առաջադրանքները», — գրում է Հայաստանի նախագահը։
Այդ խնդիրների լուծման նպատակով Սարգսյանն առաջարկում է քննարկել Գյումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիր ստեղծելու նախագիծը։
«Միաժամանակ, համալիրի բազմապրոֆիլ մասշտաբն անհրաժեշտ է այնպես հաշվարկել, որպեսզի այն 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ կարողանա հարթակ ծառայել Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու համար` դուրս գալով ՌԴ-ն համար ավանդական սպառազինությունների շուկաներ։ Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը խթան կհանդիսանա քաղաքում սոցիալ-տնտեսական իրադրության բարելավման համար», — նշում է Սարգսյանը։ Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև ղարաբաղյան թեմային։
«2016թ-ի ապրիլին Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի նոր ագրեսիան զգալի վնաս է հասցրել բանակցային գործընթացին և կողմերի միջև վստահության վերականգնմանը` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, որը տեղի է ունեցել 2017թ-ի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, հերթական անգամ ցուցադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղավորներին բացահայտելու դժվարությունը և ընդգծել հրադադարի խախտմանը հետևելու մեխանիզմներ կիրառելու մասին համաձայնագրերի շտապ և արդյունավետ կիրառման հրատապությունը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ-ին տեղի ունեցած գագաթաժողովների արդյունքում», — գրել է Հայաստանի նախագահը։
Նրա խոսքով` ի տարբերություն այլ հակամարտությունների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներում շարունակվող համերաշխությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, թույլ է տալիս դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը` որպես արդյունավետ հարթակ այդ պետությունների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։
Ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ Հայաստանը և Մինսկի խմբի համանախագահ երկրները խոսում են նույն լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններն այլընտրանք չունեն, պատերազմը խնդրի լուծման ուղի չէ և միայն երկխոսության լեզվով, այլ ոչ թե վերջնագրերի, կարելի է հասնել խաղաղության, նշել է Սերժ Սարգսյանն իր հոդվածում։ ՀՀ նախագահը համոզված է, որ սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը ժամանակակից աշխարհի անքակտելի մասն է։ Հենց դրա հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը։