ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայկական բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը hayernaysor.am-ի թղթակցին պատմել է, որ մոտ մեկ ժամ տևած հանդիպումն անցել է շատ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում: Շառլ Ազնավուրը բարեկամաբար, բարձր տրամադրությամբ խոսել է երաժշտի հետ՝ պատասխանելով վերջինիս բոլոր հարցերին:
«Տեղեկանալով, որ Շառլ Ազնավուրը Լատինական Ամերիկայում է գտնվում, խիստ նպատակային համարեցի հանդիպել նրան՝ իբրև մեծանուն հայ, Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդ: Միաժամանակ տեղեկացնելու, թե Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Սփյուռքում և լսել նրա անչափ թանկ խորհուրդները»,-ասաց Գագիկ Գասպարյանը և հավելեց, որ Շառլ Ազնավուրին մասնավորապես հանգամանալիորեն ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը:
Շանսոնյեն, ծանոթանալով շարժման առաքելությանը և գաղափարին, այն ողջունելի քայլ է որակել՝ ընդգծելով. «Շնորհավորում եմ, որ Արցախին օգնելու համար այսպիսի շարժում է սկսվել, նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շատ լինեն»:
Հանդիպման ընթացքում ֆրանսաբնակ լեգենդար երաժիշտը պատմել է նաև Հայոց ցեղասպանության ականատես, կոտորածից մազապուրծ եղած նախնիների պատմությունը:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու՛ ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: