ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Դերասան Վարդան Պետրոսյանը պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի կարգավորմամբ: Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս հոդվածով ազատվածի համար օրենսդրությունը որևէ լրացուցիչ իրավական գործընթաց կամ որևէ փորձաշրջան չի նախատեսում:
Ըստ քրեական օրենսգրքի նշված հոդվածի` անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:
«Տուժողները մինչ այս արդեն հաշտության համաձայնագիր են կնքել Վարդան Պետրոսյանի հետ, որտեղ գրված է, որ որևէ պարտք ու պահանջ չունեն նրանից ՚,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դատվածությունը, Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ, հետագայում չեն անդրադառնա դերասանի գործունեության վրա:
«Մենք արդեն Վարդանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դիմենք իր վրայից դատվածությունը հանելու հայցով, և ես էլ միշտ նպատակ եմ ունեցել ու կարծում եմ` օրերից մի օր հանրությանը համակարգչային մոդելավորման միջոցով ցույց կտանք, թե ինչպես է տեղի ունեցել վթարը և ինչու Վարդան Պետրոսյանն իրականում մեղավոր չէր»,- մեր հարցին ի պատասխան ասաց փաստաբանը:
Միակ տեխնիկական խնդիրը, որ այս պահին պետք է լուծեն դերասանն ու նրա փաստաբանը, Վարդան Պետրոսյանի վարորդական իրավունքի վերականգնումն է, որից նա, Նիկոլայ Բաղդասարյանի բնորոշմամբ, զրկվել էր դատարանի սխալի հետևանքով:
«Բանն այն է, որ դատավորը վրիպակ էր թույլ տվել` Վարդանին զրկելով վարորդական իրավունքից, այն դեպքում, երբ նա ՀՀ-ում վարորդական իրավունք չուներ: Ինձ թվում է այս տեխնիկական հարցն ավարտելուց հետո Վարդանն արդեն կարող է հանգիստ գնալ իր ընտանիքի մոտ»,- ասաց փաստաբանը:
Իսկ ազատության մեջ հայտնված դերասանի առաջին անելիքը, Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, Ֆրանսիա մեկնելն ու այնտեղ բնակվող ընտանիքի անդամներին տեսնելն է:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ վիրավորներից Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին, իսկ հայտնի դերասանը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել։