ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որը 2013-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, պայմանական վաղաժամկետով ազատ է արձակվել:
Այս մասին հայտնում է armtimes.com-ը` հղում անելով դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին: Նա ասաց, որ մինչ այդ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությամբ մի քանի անգամ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին և մերժում ստացել:
«Մերժում էր ստացել նաև «Անկախ հանձնաժողովի» կողմից, սակայն երրորդ անգամ դրական եզրակացություն տվեց, որից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը, բավարարել է այն»,- մանրամասնեց Բաղդասարյանը:
Նա նաև ասաց, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել, ինչը նշանակում է, որ նա հանգիստ կարող է մեկնել երկրից:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հերքեց լրատվամիջոցներում և Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված այն տեղեկությունները, թե Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել համաներմամբ, կամ նրան Հանրապետության նախագահը ներում է շնորհել: «Համաներում կիրառում է ոչ թե նախագահը, այլ՝ ԱԺ-ն: Վարդան Պետրոսյանը պետք է դիմեր Հանրապետության նախագահին, որ նրան ներում շնորհվեր, բայց նա նման խնդրանքով չի դիմել, և եթե դիմեր, ապա ես ինքս համոզված եմ, որ նախագահը կբավարարեր այդ խնդրանքը»,- եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանը պատիժը կրում էր բաց տիպի ռեժիմով:
2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ, վիրավորներից Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: