ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. 10 ոչ պրոֆեսիոնալ հրուշակագործներ Ռուսաստանից, որոնց թվում է նաև հայուհի Միլենա Մելքումովան, իրենց հմտություներով մրցում են «ՏիլիՏելեՏեստ» հեռուստաշոուում: Այն առաջին անգամ եթեր հեռարձակվեց այս կիրակի՝ մարտի 12-ին, ռուսական 1-ին ալիքի եթերում:
Հաղորդմանը մասնակցելու պարտադիր պայմանն է՝ չլինել պրոֆեսիոնալ խոհարար: Երկու ժամվա ընթացքում մասնակիցները պատրաստել են իրենց «ֆիրմային» ուտեստը:
Միլենան որոշեց ներկայացնել հայկական փախլավան: Պատրաստման հարցում նրան օգնեց ռուս հումորային ժանրի դերասանուհի Ելենա Բորշեվան: Աղջկան հաջողվեց հիացնել ժյուրիի անդամներին և անցնել հաջորդ փուլ:
Ռուսաստանի հրուշակեղենային գործի չեմպիոն Ռենատ Ագզամովն ասաց, որ, սովորաբար, փախլավան կամ վրայից, կամ տակից հում է մնում, իսկ Միլենայի պատրաստածն ուղղակի հիասքանչ է:
Նախագծի հաղթողին կորոշեն այդ ոլորտի հմուտները՝ Ռուսաստանի հրուշակեղենային գործի չեմպիոն Ռենատ Ագզամովն ու Ռեստորատորների միության նախագահ Իգոր Բուխարովը: