«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը ուզում է շարունակել պաշտոնավարել ընտրություններից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը:
Պատահական չէ այն փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը: Ավելին` վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետևյալ նախաբանով` «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը` 2018թ-ից»:
Այլ կերպ ասած` Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետն` անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:
Ամենայն հավանականությամբ, Կ. Կարապետյանին այս վստահությունը ներշնչել է Սերժ Սարգսյանը, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հայտարարել է, թե վարչապետը երկարատև գործունեություն է ծավալելու: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա նաև նշել է, թե Կարապետյանը մեծ անելիք ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ պետության մեջ, ու նրա հետ երկարատեւ պլաններ են մշակել: Սա ՀՀԿ-ականների մոտ կարծիք է ձևավորել, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը մտադիր է հանձնել Կարեն Կարապետյանին»:
«Հրապարակ». Խանդի տեսարաններ ՀՀԿ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին: Նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրև «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։
Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝ lovearmenia անվանման գաղափարը եւ ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սև գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»:
«Հայկական ժամանակ». Ինչու Սերժ Սարգսյանը խնդրեց Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:
Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր:
Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4 տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:
Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգևորվել իր 80 տոկոս վարկանիշով:
Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարևոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաև ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը եւ հաջորդ իշխանությունը ձևավորել:
Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եվ դա լավագույնս երևաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց:
«Փաստ». Իր դեմ խաղ չկա
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Էջմիածնում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանն այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:
Այսօր «Օջախում» կայանալու է ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքը, որին հրավիրված է ողջ ՀՀԿ վերնախավը: Այլ հարց է՝ թեժ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները ժամանակ կգտնե՞ն Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքին մասնակցելու համար:
Առավել հետաքրքիր է, թե նույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով իրար դեմ աշխատող Հանրապետականի բոլո՞ր թեկնածուներին է հրավիրել Սարոյանը:
«Հրապարակ». Հայ պատգամավորը «Մայդանում»
«Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիև այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։ Մայդանում զբոսնող, գունավոր հեղափոխության «ալքիմիան» ուսումնասիրող Զաքարյանը, երբ հասել է Մայդանում տեղակայված մետաղորսիչների մոտ, դրանք հանկարծ ուժեղ աղմկել են և ուկրաինական ՕՄՕՆ-ը շրջափակել Է ՀԱՊԿ անդամ երկրի «ներկայացուցչին», պահանջել են ցույց տալ գրպանում եղածը և ասել Մայդան կատարած այցի «նպատակը»։ «Գուցե գիտեի՞ն, որ Դուք ծագումով ղարաբաղից եք, իսկ Ուկրաինան ՎՈՒԱՄ երկիր Է՝ Ադրբեջանի հետ քիփ, ամեն շաբաթ լինում եք Ղարաբաղում, կարող է ուզում էին Լապշինի նման Ձե՞զ էլ արտահանձնել Ադրբեջանրն»,- սադրեցինք Զաքարյանին։ «Չստացվեց, ես շատ քաղաքավարի բացատրեցի, իրենք շատ քաղաքավարի հասկացան, ներողություն խնդրեցին, գնացին»»,-գրում է թերթը։