ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Կատերինա Նիզկոպոկլոննան AnalitikaUA.net-ի հետ զրույցում պատմել է, որ դեռ ամբողջությամբ չի բացահայտել Հայաստանի երաժշտական ժառանգությունը, բայց շատ է գնահատում Կոմիտասի և Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
«Ես խենթանում եմ Կոմիտասի, Խաչատրյանի և հայկական ժողովրդական երգերի համար»,- ասել է նա։
Երգչուհին սիրում է դուդուկի երաժշտություն լսել, ասում է` դուդուկը միաժամանակ ստիպում է մտածել, տխրել և ոգեշնչվել։
Խոսելով Հայաստանի ժամանակակից երաժիշտների մասին` Կատերինա Նիզկոպակլոննան նշել է, որ հետաքրքրությամբ դիտում է The Voice և Х-Фактор շոուի հայկական տարբերակները։
Հայազգի համաշխարհային աստղերի մասին երգչուհին նշել է, որ նախընտրում է Պատրիկ Ֆիորիի, Շերի և Շառլ Ազնավուրի արվեստը։
Երգչուհին պատմել է նաև, որ աշխատում է «Բալենի» հայկական երգի վրա և արդեն տեքստը գեղարվեստորեն թարգմանել է ուկրաիներեն. «Ուզում եմ երգել ուկրաիներեն և հայերեն տարբերակները։ Ինձ թվում է` հենց այդ երգը կարող է լավագույնս արտահայտել մեր մշակույթների կապը»։