ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետն օդանավում արված իր տեսաուղերձը հրապարակել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։ Անդրադառնալով Ղրղըզստանում ՌԴ վարչապետի հետ ունեցած քննարկմանը` Կարեն Կարապետյանը նշել է, որ Մոսկվա իր այցից հետո բավականին ինտենսիվ բանակցություններ են եղել երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների միջև։ Իսկ վերջին բանակցությունները կայացել են անցած ուրբաթ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, ինչպես նաև ֆինանսների նախարարի մասնակցությամբ։
«Մեդվեդևի հետ քննարկել ենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Մոսկվա իմ այցի ժամանակ, նաև ֆիքսել ենք, թե հիմա ուր ենք հասել և ոնց ենք առաջ շարժվելու։ Խոսել ենք ազատ տնտեսական գոտու մասին, այդ թվում, ռուսական կապիտալի ազատ տնտեսական գոտում մասնակցության, խոսել ենք ռուս-հայկական ինտեգրացիոն ֆոնդի մասին. այդտեղ քննարկել ենք երկու տարբերակ։ Մոտ ժամանակներս որոշում կկայացնենք, թե որ տարբերակով ենք առաջ գնում։ Խոսել ենք գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման մասին, էներգետիկ ոլորտի համագործակցության, ինչպես նաև մեր հանքային ուսումնասիրությունների մեջ ռուսական երկրաբանության մասնակցության մասին»,-ասել է վարչապետը։
Կարեն Կարապետյանը նշել է,որ ՌԴ վարչապետի հետ միասին նրանք ֆիքսել են հետագա քայլերի ընթացքը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6–7–ը Բիշքեկում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ վարչապետն առանձնազրույց ունեցավ ՌԴ վարչապետի հետ։