ԵՐԵՎԱՆ, 6 մարտի, Sputnik. — Sputnik Արմենիայի խմբագրությունը սկսել է «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» ամենշաբաթյա առցանց նոր տեսահաղորդման թողարկումը։ 30-րոպեանոց լուրերի հիմքում ընկած են Հայաստանի քաղաքականության, տնտեսության, մշակույթի և սպորտի ոլորտներին վերաբերող առանցքային իրադարձությունները։ Յուրաքանչյուր կիրակի Երևանի ժամանակով 21։00-ին «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» հաղորդումը հասանելի է կայքում և սոցիալական ցանցերում։ Ծրագրի ռադիոտարբերակը կարող եք ունկնդրել երկուշաբթի առավոտյան Sputnik Արմենիա ռադիոկայանի առավոտյան եթերում (Երևանի ժամանակով` 08։00-10։00 fm106.0 հաճախականությամբ)։
«Մենք նորույթ ենք առաջարկում մեր ընթերցողներին։ Նոր ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն կտա մեր բոլոր մուլտիմեդիոն հնարավորությունները կիրառել մեկ ծրագրում», —նոր նախագծի մեկնարկը մեկնաբանել է Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։
Sputnik-ի ամփոփիչ ծրագրի անդրանիկ թողարկման ընթացքում ներկայացվել են քաղաքական գործիչներ Խաչատուր Քոքոբելյանի և Արմեն Աշոտյանի մեկնաբանությունները` ՀՀ ազգային ժողովի գալիք ընտրությունների մասին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեսակետները` ժամանակակից հայ կինեմատոգրաֆի իրողությունների մասին, ինչպես նաև ռուս անվանի երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինի հետ հարցազրույցից մի հատված։ Ծրագրում ներառվել է ռեպորտաժ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր գրքի շնորհանդեսից, գեղանկարիչ, ազգային անիմացիայի վարպետ Ստեփան Անդրանիկյանի բացառիկ հարցազրույցը և այլն։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: