ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Արսեն Բաբայանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում աշխատավարձերի կրճատման հրապարակային մտահոգությանը` նշելով, որ մտահոգությունն անտեղի է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմում աշխատավարձի կրճատում չի եղել։ Բաբայանն ընդգծել է, որ կրճատում չէր էլ կարող լինել, քանի որ աշխատավարձները սահմանված են օրենքով։
«Համոզված եմ, որ պարոն Էնֆիաջյանին իբր 30% կրճատման մասին լուր հայտնողը պատգամավորին մոլորության մեջ է գցել՝ չհայտնելով, որ խոսքը շաբաթ օրերին աշխատանքի կանչելուն և դրա դիմաց օրենքով սահմանված վարձատրությանն է վերաբերում։ Իրականում, ամեն ինչ առավել քան պարզ է: Որոշ հանգամանքներից ելնելով՝ շաբաթ օրերին Ազգային ժողովի շենքում կամ բակում աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը նվազել է, ուստի ավելի քիչ աշխատակցի կարիք է լինում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Բաբայանը։
Նրա խոսով` բոլորին մանրամասն բացատրվել է, որ առանց անհրաժեշտության շաբաթ օրերին աշխատանքի չեն հրավիրվելու, ուստի չաշխատելու դիմաց չեն կարող վարձատրվել։ Շաբաթ օրերին կկանչվեն և կվարձատրվեն բացառապես այն աշխատակիցները, որոնց աշխատանքը շաբաթ օրերին անհրաժեշտ է։
«Միաժամանակ նշեմ, որ աշխատավարձի ֆոնդի հնարավոր տնտեսումներից գոյացած գումարները պարգևավճարների ձևով կտրվեն աշխատակիցներին։ Ինչպես պարզվեց `որևէ մեկի վաստակից որևէ լումա անգամ չի կրճատվել, ուստի աննպատակահարմար եմ համարում արձագանքել պարոն Էնֆիաջյանի հայտարարության քաղաքական մասին՝ աղքատություն, արտագաղթ, անելանելի վիճակ, արժանապատիվ ապրել և այլն»,- եզրափակել է Բաբայանը։