ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Միշտ գիտակցեք, որ հայրենասիրությունն ամենահզոր գաղափարախոսությունն է, այս կոչով հանդես եկավ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը:
«Միշտ պետք է ապրել, գործել և մեռնել հանուն հայոց պետականության հզորացման: Միշտ գիտակցեք, որ դուք ավելին եք, քան մահկանացուն, միշտ գիտակցեք, որ յուրաքանչյուրդ պետք է լինեք առաջնորդապաշտ այնպես, ինչպես ծնողապաշտ եք, ընտանիքապաշտ եք: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»,- ասաց Ասրյանը:
Նա ավելացրեց, որ խորհրդարանական ընտրություններին աջակցելու են ՀՀԿ-ին:
«Մեր վստահության քվեն տալու ենք նորանկախ Հայաստանի ամենավառ և փորձառու պետական ու քաղաքական գործիչ, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադրման 14-րդ տարեդարձի առթիվ:
«Խորհրդանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է Սյունիքում, որտեղ մշտապես կենդանի են Հայաստանի Արծիվ Գարեգին Նժդեհի ոգին ու պատգամները: Հատկանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է որպես երիտասարդական կազմակերպություն՝ հետագայում ընդգրկելով հասարակության ավելի լայն շերտեր: Գնահատելի է այն մեծ աշխատանքը, որը տարիների ընթացքում իրականացրել են «Հայոց արծիվները»՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքում»,- ուղերձում նշել է հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանը ողջունել է «Հայոց արծիվների» գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման և արմատավորման գործում, ինչպես նաև կամավորական ջոկատի կարգավիճակով մասնակցությունը ռազմական գործողություններին:
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահի օգնական Արտակ Հարությունյանը, կազմակերպության փոխնախագահ Խաչատուր Մալթունյանը և Կյուրեղ Ավագյանը պարգևատրվեցին Երախտագիտության մեդալով: