Հայտնի երգիչ Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Ты супер!» նախագիծը չի կարող դրական չգնահատվել, քանի որ մասնակիցները մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաներ են:
«Նախագիծն օգնում է նրանց մոռանալ ծանր անցյալն ու մի քիչ կտրվել առօրյա հոգսերից», — ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Անգելինայի ելույթին, ապա ինչպես նշեց Գրիգորյանը, նրա «Դլե յամանը» առաջին իսկ նոտայից գերում է ունկնդրին:
«Այդ երգը մի ամբողջ աշխարհ է, որը պետք է հասկանալ, զգալ: Ես միշտ համարել եմ, որ «Դլե յամանը» պետք է կատարեն հասուն, կյանք տեսած մարդիկ: Սակայն Անգելինայի կատարման մեջ կա այդ ընկալումը», — ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ գյումրեցի աղջիկը կարողացավ արտահայտել իր զգացմունքները, ցույց տալ իր ներաշխարհը, միաժամանակ հուզվեց ելույթի ընթացքում, ու դա անդրադարձավ նրա կատարման վրա: Գրիգորյանը նշեց, որ առանց հուզմունքի անհնար է, հատկապես Անգելինայի դեպքում, որն առաջին անգամ է մեծ բեմ բարձրացել: Նրա խոսքով, եթե Անգելինան պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ ունենար, ավելի լավ ելույթ կունենար, քանի որ աղջիկը բնատուր տաղանդ ունի:
Գրիգորյանը համոզված է, որ եթե Անգելինան լավ մասնագետների մոտ սովորի, անպայման հայտնի երգչուհի կդառնա և Հայաստանը կներկայացնի համաշխարհային բեմերում:
«Ես Աստծուն խնդրում եմ, որ կանաչ լույս վառի Անգելինայի համար: Հուսով եմ՝ երբ նա մեծ երգչուհի դառնա, մենք կծափահարենք նրան և կհպարտանանք այնպես, ինչպես հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով», — ասաց Գրիգորյանը:
Երգիչը պատրաստ է անձամբ Անգելինային սովորեցնել այն ամենը, ինչ ինքը գիտի: