ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մարտի 8-ի շնորհավորական բացիկով կարելի է ոչ միայն շնորհավորել կանանց, այլև աջակցել Արցախում վիրավորված ու մինչ օրս վերականգնողական բուժում ստացող հայ զինվորին: Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի այս գաղափարն արդեն իրականություն է: Գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները:
«Կարևոր չէր, որ զինվորն ամբողջական բացիկը նկարեր: Կարևոր էր, որ նա վրձինը ձեռքն առներ ու հասակակից թերլեմեզյանցիների օգնությամբ իր հերոսության մի մասնիկը փոխանցեր բացիկին, որը հասցեատիրոջը հասնելով` նրան էլ պիտի մասնակից դարձնի իր սխրանքին»,- Արմեն Մուրադյանը Sputnik Արմենիայի խնդրանքով ներկայացրեց նախաձեռնության գաղափարական նշանակությունը:
Վերականգնողական բուժմանը զուգահեռ մասնագետները կարևորում են նաև զինվորների հոգեբանական վերականգնման՝ սոցիալականացման անհրաժեշտությունը: Բացիկների պատրաստման գործընթացը, նկարչությունը դրա լավագույն տարբերակներից են: Իսկ հասարակության մասնակցությունը ծրագրին զինվորին պետք է ևս մեկ անգամ վստահեցնի՝ նրա կարիքը հայրենիքն այսօր էլ ունի:
![Արմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները Արմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/658/21/6582103_0:0:1600:1004_600x0_80_0_0_372acc34197e71b30d75294279ed8ded.jpg)
![Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/658/25/6582543_0:0:1600:1005_600x0_80_0_0_eb14ddf2ac0e748d116d4acefba42230.jpg)
![Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/658/23/6582392_0:27:1600:1033_600x0_80_0_0_e36204826ffc685c786dcb04e5fdbfce.jpg)
![Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/658/22/6582293_0:0:1600:1005_600x0_80_0_0_38375cc183b5340231d82f7743fc5691.jpg)
«Մեր տղաները վնասվածքները ստացել են ոչ թե դահուկ քշելիս կամ դժբախտ պատահարի հետևանքով, այլ մեր ու մեր երեխաների անվտանգությունն ապահովելիս, մեր երկրի ու պետականության սահմաններն անառիկ պահելիս, և կարծում եմ` նրանց յուրաքանչյուրի վնասվածքների մի մասը նաև մերն է, և նրանց վերականգնման գործընթացին մասնակցելը դառնում է բոլորիս պարտքը»,- ասաց Մուրադյանը:
Ծրագրի առաջին իսկ օրից Արմեն Մուրադյանը չի կասկածել դրա հաջողությանն ու հասարակական մասնակցությանը:
Հայ զինվորի ձեռքով պատրաստված հարյուրավոր բացիկներն այսօր սպասում են իրենց հասցեատերերին:
Դրանք գնելու ցանկություն հայտնողներն արդեն այնքան շատ են, որ ծրագրի հեղինակները վախենում են չհասցնեն բավարարել պահանջարկը:
Պաշտպանության նախարարությունն առաջին պետական կառույցն է, որ ցանկություն է հայտնել այս տարի կանանց շնորհավորել հենց զինվորի պատրաստած բացիկներով: Խորհրդանշական ակցիային միացել են նաև արվեստի ու սպորտի մի շարք գործիչներ՝ նկարիչ Նուռը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նաև ներկա է եղել ու մասնակցել է բացիկների ստեղծման աշխատանքներին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը պատրաստվում է այս տարի մարտի ութին իր հարազատներին հենց այդ բացիկներով շնորհավորել:
Բացիկների մի խմբաքանակը վաճառքի է հանվելու երևանյան ծաղկի ու հուշանվերների խանութներում:
Վաճառքից ստացված հասույթն էլ ուղղվելու է վերականգնողական նոր կենտրոնի վերանորոգմանը, որտեղ հերոս զինվորները պետք է շարունակեն իրենց ապաքինումը:
«Այս բացիկներից յուրաքանչյուրին զինվորի ձեռք է դիպել: Ինձ համար դրանք անգին են»,- ցույց տալով իր աշխատասեղանին դրված բազմաթիվ բացիկները՝ ասաց Մուրադյանը։ Հետո առանձնացրեց դրանցից մեկն ու ավելացրեց. «Սա ամենաառաջին պատրաստված բացիկն է, որը շատ եմ հավանել ու որոշել եմ գնել ու մարտի 8-ին մայրիկիս նվիրել»:
![Акция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими Акция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/658/22/6582221_0:0:1600:1065_600x0_80_0_0_b5a657b887bca84dde333ec6475210c6.jpg)
Մուրադյանը վստահ է՝ ծրագիրը նոր է թափ հավաքում և մարտի 8-ին չի ավարտվի, կշարունակվի մինչև ապրիլի 7-ը:
Իսկ ապրիլի 7-ից հետո զինվորները նոր զբաղմունք կունենան: Մուրադյանն արդեն մտածում է ծրագրի շարունակության մասին: