ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդել են, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայք էջը։
Պարզվել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը և ժամին Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը նա մեղայականով ներկայացել է բաժին և ձերբակալվել: Կատարվում է քննություն:
Ըստ մամուլի որոշ հրապարակումների` դանակահարությունը կատարվել է քաղաքական հողի վրա, սպասվող ընտրությունների միջկուսակցական անհամաձայնության թեմայով։
Ոստիկանությունը հերքել է այս վարկածը, նշելով, որ կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով:
Ոստիկանությունը նաև կոչ է արել քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից: