ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության ապօրինի զինված խմբավորման անդամները խոցել են երկրի ՌՕՈՒ-ի երկու ուղղաթիռ և պատանդ վերցրել օդաչուներից մեկին` Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլիին, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ի Ֆեյսբուքյան էջի գրառմանը:
Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել հունվարի 27-ին: Օսուրաուլին Վրաստանի ԶՈՒ պահուստային փոխգնդապետ է:
«Փետրվարի 22-ին պաշտոնական Կոնգոն Պրետորիայում գտնվող Վրաստանի դեսպանատանը տեղեկացրել է, որ նշված միջադեպի արդյունքում ընդդիմադիր խմբավորումը պատանդ է վերցրել Վրաստանի մի քաղաքացու, ևս մեկը վիրավոր է, թեև՝ կյանքին վտանգ չի սպառնում և բուժվում է Կոնգոյի արևելքում գտնվող Գոմա քաղաքում»,- գրված է հաղորդագրության մեջ:
Այդ ընթացքում Rustavi2 հեռուստաալիքը պահուստային փոխգնդապետ Դավիդ Մակիշվիլու անունից տեղեկատվություն է տարածել այն մասին, թե ապստամբները Օսուրաուլիի համար 1 մլն դոլար փրկագին են պահանջում: ՀԱՀ-ում Վրաստանի դեսպան Բեկա Դվալին «Պիրվելի» TV-ին տված հարցազրույցում այդ տեղեկությունը հերքում է:
«Մենք շփվում ենք Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետության իշխանությունների հետ դիվանագիտական ճանապարհով, փրկագնի մասին տեղեկություն չի հնչել երբեք: Միակ բանը, որ նրանք ասել են, այն է, որ ռազմական կառույցներն անում են ամեն ինչ՝ այդ հարցը լուծելու համար»,- ասել է Վրաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Վրաստանը Կոնգոյում դեսպանատուն չունի, այն երկրի իշխանությունների հետ կապ է պահպանում ՀԱՀ-ում իր դեսպանատան միջոցով: Վրաստանի իշխանություններին հայտնի չէ այդ երկրում Վրաստանի քաղաքացիների գտնվելու պաշտոնական պատճառը: Այդ մարդիկ նախկին զինվորականներ են և ինքնուրույն են մեկնել Կոնգոյին Ժողովրդավարական Հանրապետություն: