ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-վրացական միջպետական «Բարեկամության կամրջի» նախագծի շինարարության մրցույթի հաղթողը կորոշվի երեք ամսից նախագծի դոնոր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաղորդեցին Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների բաժնից։
«Շինարարությունը կսկսվի այն ժամանակ, երբ կընտրվի նախագծի հաղթողը և կմշակվեն աշխատանքների սխեման ու ծրագիրը։ Դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում, բայց մեր հաշվարկներով` կես տարի հետո կսկսվի կամրջի շինարարությունը», — ասաց բաժանմունքի աշխատակիցը։
Այս փուլում հայ-վրացական երկկողմ աշխատանքային խումբը, որը կազմված է 25 հոգուց, պետք է ընտրի առավել հավանական թեկնածուներին։ Մրցույթի վերջնական հաղթողը կընտրվի նախագծի դոնորի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից։
Հետագա աշխատանքները կվերահսկեն երկու երկրներում ստեղծված խմբերը։ Վրացական կողմից աշխատանքային խմբում ընդգրկված է վեց մարդ, իսկ հայկական կողմից` 9։ Հայտնի է, որ առցանց մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 68 կազմակերպություն։
«Բարեկամության կամրջի» կառուցման հարցը վերջնական լուծում է ստացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Թբիլիսի կատարած այցելություններից հետո։ Երկու կողմերը համաձայնության են եկել և տարածաշրջանի համար բացառիկ այս կառույցն անվանել են «Բարեկամության կամուրջ»։
Բանն այն է, որ Բագրատաշեն-Սադախլո սահմանին գտնվող կամուրջը չափազանց հին է և սպառել է իրեն։ Վերակառուցման համար լուրջ ներդրումներ են պետք։ Քանի որ ծախսերը մեծ են, կողմերը որոշել են եվրոպական չափանիշներին համապատասխան նոր կամուրջ կառուցել։ Հին կամուրջը կարելի է կարգի բերել, բայց փորձագետների կարծիքով` այն որպես այլընտրանք կծառայի խցանումների կամ տարբեր պատվիրակությունների կողմից հսկիչ-անցակետն արագ անցնելու դեպքում։
Կամրջի շինարարության ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2013 թվականին, իսկ վրացական կողմի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցությունները շարունակվել են մինչև 2014 թվականը։
Տարածաշրջանում աննախադեպ շինության` «Բարեկամության կամրջի» շինարարությունը կմեկնարկի 2018թ-ին։ Կամրջի մի կեսը կգտնի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի։
Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով: