ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը։ Լավրովը պատրաստվում է պաշտոնական այցով ժամանել Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի արտգործնախարարն ինձ հրավիրել է Երևան, և ես ընդունել եմ նրա հրավերը»,-ասել է Լավրովը` դիվանագիտական հարաբերությունների մերձեցմանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որին ներկա էր նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Այցի ժամկետները կհստակեցվեն։
Բացի այդ, Լավրովն ու Նալբանդյանը կքննարկեն Հայաստանի նախագահի Մոսկվա այցի մանրամասները։
«Լավրովի այցը կարևոր է նաև նրանով, որ նախորդում է մեր նախագահի ՌԴ այցին։ Կարծում եմ` մենք կքննարկենք նաև այցի նախապատրաստական խնդիրները»,-ասել է Նալբանդյանը ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։
Իր հերթին Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն առաջացնող խնդիրներ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում է փետրվարի 21-23-ը։