ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի-Sputnik. Սթրեսն օրգանիզմի պաշտպանական ռեակցիա կարելի է համարել։ Այս կարծիքն ունի Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը։ Սթրեսի տեսակներ կան, որոնք օգնում են մտածել, մշակել խնդիրների լուծման տարբերակներ։ Հարությունյանի խոսքով` մարդիկ հաճախ սթրեսն ասոցացնում են բացասական կամ տհաճ զգացողության հետ։
«Իրականում սթրեսը դրական կողմեր էլ ունի։ Այն իր տեսակներով լինում է դրական և բացասական ։ Օրինակ` երբ ձեզ անսպասելի լավ լուր են հայտնում, ձեզ մոտ առաջանում է էուսթրես։ Իսկ դիսթրես կարող է առաջանալ տհաճ լուրեր իմանալիս»,-ասաց նա։
Էուսթրեսի որոշակի քանակը, մասնագետի խոսքով, ապահովում է որոշակի լարվածություն, բայց չի խանգարում մարդուն, ընդհակառակը, մոբիլիզացնում է նրա հնարավորությունները, թույլ է տալիս ավելի արդյունավետ գործել տվյալ իրավիճակում ու ավելի լավ արդյունքի հասնել։
Բայց սթրեսի երկու տեսակներն էլ ֆիզիոլոգիական տեսանկյունից նույն մեխանիզմով են ընթանում։
«Ընդունված է համարել, որ սուր սթրեսի տևականությունը 48 ժամ է։ Դրանից հետո, եթե ամեն օր կրկնվում է նույն միտքը, որը լուծում չի ստանում, այն ձեր կենսագործունեության վրա իր ազդեցությունն է ունենում և սկսում է ազդել ուշադրության, հիշողության վրա, դառնում եք նյարդային, հնարավոր է դրսևորվի լացկանություն»,-ասաց Սոնա Հարությունյանը։
Սթրեսի պակաս չունեցող մասնագիտություններից է լրագրությունը։ Առհասարակ, սթրեսներ հաճախ են ապրում այն մարդիկ, ովքեր հաճախակի շփումներ են ունենում հանրության լայն շրջանակների հետ։