ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հունվարի 1-ից գազի սակագինն էժանացել է, բայց հունվարին սպառած գազի դիմաց սպառողները դեկտեմբերի համեմատ ավելի շատ են վճարել: Հնարավոր պատճառներն, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, երկուսն են՝ ցուրտ եղանակն ու գազի ցածր կալորիականությունը:
«Գազի սակագինը մեր երկում որոշակի իմաստով միֆ է, որովհետև գազի սակագինը որոշում է պետությունը, և այն մեծ իմաստով տեսանելի չէ սպառողի համար: Ընդամենը փոխվում է գազ կալորիականությունը, և, օրինակ, եթե սուրճը եփելու էինք 10 րոպեում, հիմա կեփենք 11 րոպեում: Այսինքն՝ գինը 5 տոկոս կնվազեցնենք, սպառումը 10 տոկոսով կավելացնենք: Սա թեզ է, որ տարբեր ժամանակ, տարբեր փորձագետներ առաջ են քաշել՚»- ասաց Պիպոյանը:
Իսկ թե որքանով են հիմնավոր փորձագետների ու սպառողների այս կասկածները, դժվար է ասել, քանի որ գազի կալորիականությունը ստուգող պետական կամ սպառողի համար վստահելի մասնավոր կառույց Հայաստանում չկա:
Հասարակության դժգոհությունների հետևից էլ, ինչպես Պիպոյանն է ասում, գործադիր իշխանությունը չի գնում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամսվա ընթացքում 2-3 անգամ չափում է գազի կալորիականությունը և տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում: Հրապարակված տվյալների համաձայն` հանրապետության բոլոր տարածքներում դրանք վերջին 2-3 ամսում համապատասխանել են սահմանված 8000կկալ/մխ արժեքին:
Սպառողների շահերի պաշտպանն առաջարկում է պետական մակարդակով սեփական վերահսկողությունն իրականացնել և համոզվել, որ սպառողին մատակարարվող գազն իրոք համապատասխան որակ ունի:
«Ես չեմ ուզում պետական մարմինն ամեն օր կալորիականություն չափի: Դա անիմաստ ռեսուրս է, անիմաստ ծախս, անիմաստ գերատեսչություն է պահանջում: Ես ասում եմ՝ կալորիականություն չափող մոնիթորինգային խումբ ունեցեք և տեխնիկական հնարավորություն: Գնան, չափեն և ասենք՝ այ «Գազպրոմ», արի տեսնենք` այս ինչ ես արել»,- ասում է Բաբկեն Պիպոյանը՝ միաժամանակ հավելելով, որ նույնիսկ այս գործառույթը կառավարությանը հանձնելով ինքը 100 տոկոսով վստահ չի կարող լինել, որ դրանից հետ գազի որակն անթերի կլինի, բայց գոնե հույս կունենա:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Բաբկեն Պիպոյանի համոզմամբ չի շջանցելու նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու խոստումները: Բաբկեն Պիպոյանը քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս սին խոստումների փոխարեն մշակել ու պետական մակարդակով ընդունել ձմռան ամիսներին սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց տարվա ընթացքում համաչափ բաշխումով վճարելու համակարգ, քանի որ կոմունալ վարձավճարները տարվա այդ ժամանակահատվածում մի քանի անգամ գերազանցում են և՛ նվազագույն աշխատավարձի, և՛ նպաստների ու կենսաթոշակների չափերը: