ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կհաշվարկվի արդեն նոր էժանացած սակագնով:
Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից նվազեցնելու որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել էր 2016թ-ի դեկտեմբերի 23-ի նիստում: Որոշման համաձայն` էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի գինն էժանացել է ընդամենը 1.2 դրամով: Թե որքանով այս փոփոխությունը դրական կազդի սպառողի գրպանի վրա, պարզ կլինի միայն մարտ ամսին, երբ սպառողները կսկսեն վճարել փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց:
Իսկ մինչ այդ, փետրվարի 10-ից հետո պարզ կդառնա, թե որքանով սպառողի կյանքը թեթևացավ գազի սակագնի նվազման արդյունքում, քանի որ հունվարի 1-ից 7.7 դրամով էժանացած գազի դիմաց սպառողները կսկսեն վճարել մի քանի օրից:
Հիշեցնենք` հունվարի 1-ից գազի 1 խ/մ-ի արժեքը 146.7-ի փոխարեն սահմանվել է 139 դրամ: Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից տնային տնտեսությունների համար կկազմի ցերեկային ժամերին 44.98 դրամ (1 կՎտ/ժ), գիշերային ժամերին` 34.98 դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ համապատասխանաբար 40 և 30 դրամ: