Խաչիկ Չախոյան, Sputnik.
Գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդն» իր տիտղոսի պաշտպանությունը 2016/17 խաղարկությունում սկսեց «Ռեդինգի» նկատմամբ վստահ հաղթանակով՝ 5:2: Մանկունյանցիների հետ խոշոր հաշվով պարտությունից չխուսափեց նաև «Ուիգանը», որի նկատմամբ Ժոզե Մոուրինյոյի թիմը 1/16 եզրափակիչում հաղթանակի հասավ 4:0 հաշվով: Այսօր գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կարմիր սատանաները մրցակցի հարկի տակ մրցեցին «Բլեքբեռն Ռովերսի» հետ: Ժոզե Մոուրինյոն այս մրցավեճում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերեց Իբրագիմովիչին, Պոգբային և Մատային:
Փոխարենը խաղը սկզբից սկսեց Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի գործողություններին հետևելով հերթական անգամ հպարտություն կարելի էր զգալ: Մխիթարյանը և՛ խաղի կազմակերպիչ էր, և՛ հասցնում էր ժամանակին ապահովագրել իր թիմակիցներին պաշտպանությունում, և՛ հաճախ հայտնվում էր գրոհը եզրափակողի դերում:
Հայ ֆուտբոլիստի ունիվերսալիզմը պարզապես հիացնում է: Չէի ասի, որ այս հանդիպումը Մխիթարյանի լավագույն խաղերից մեկն էր: Բայց այն, որ Հենրիխը հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» գլխավոր դերակատար անձանցից է, միանշանակ է:
Հայտնվելով հետապնդողի դերում Դենի Գրեմի խփած գնդակից հետո՝ մանկունյանցիները արագորեն հասան պատասխան արդյունքի:
Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո պատասխան գնդակը խփեց Մարկուս Ռեշֆորդը: Ունենալով տարածքային առավելություն՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը չէր կարողանում նոր հաջողության հասնել: Բացի այդ էլ դաշտի տերերն ամեն ինչ անում էին հզոր մրցակցի դեմ խաղում արժանի մրցակցություն ցուցաբերելու համար: Նման իրավիճակում Ժոզե Մոուրինյոն փոփոխությունների միջոցով խաղադաշտ դուրս բերեց իր ծանր հրետանին՝ Զալտան Իբրագիմովիչին ու Պոլ Պոգբային:
Հենց այս զույգն էլ խաղի ավարտից 15 րոպե առաջ կազմակերպեց հյուրերի երկրորդ գոլը: Պոգբան փոխանցեց իսկ Զատանը առաջ մղեց Յունայթեդին:
Այսպիսով հաղթելով 2:1 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: