ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. 2015թ-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան մայիսի 23-ին համերգ տվեց Երևանում, թեև այն պետք է կայանար մարտի 6-ին։
Այս տարվա մարտի 5-ին նախատեսվում է երգչուհու «Մոնո» հոբելյանական համերգը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Forpostart Production մոսկովյան ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին, չե՞ն վախենում արդյո՞ք Ալեգրովայի երկրպագուները տոմսեր գնել` 2015թ-ին տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո։
«Նրանք, ովքեր 2015թ-ի մարտի 6-ի համերգի տոմսեր էին գնել, ավելի ուշ ներկա են գտնվել համերգին, քանի որ այն տեղափոխվել էր մայիսի 23 և անցել մեծ հաջողությամբ։ Ոմանք տոմսերը երկու ամսվա ընթացքում կարողացել են վերադարձել դրամարկղեր», — ասաց Մխեյանը։
Պատասխանելով այս տարի Ալեգրովայի համերգի տոմսերի իրացման մասին հարցին` Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ առայժմ շատ տոմսեր չեն վաճառվել, դա մարդկանց սոցիալական վատ վիճակի արդյունք է։
«2016թ-ին մեր բոլոր համերգները, այդ թվում` սառցե շոուն, շահութաբեր չեն եղել։ Սակայն դրանք կայացել են, չնայած նրան, որ մեր ընկերությունը լուրջ վնասներ է կրել։ 2017թ-ին մենք կազմակերպել ենք «Ֆրոուզեն» մանկական սառցե շոուն, որի տոմսերի իրացումից ստացած գումարը կազմել է ծախսի ընդամենը 30 տոկոսը։ Մեր ընկերության կազմակերպված բոլոր համերգները կայացել են, բայց սպասելի արդյունք չեն բերել», — բողոքում է Մխեյանը։
Նա նշեց, որ համերգային բիզնեսը ճգնաժամ է ապրում։
«Համերգային շուկայի շահութաբերությունը սովորաբար այսպես է հաշվարկվում. պետք է վաճառել դահլիճի տեղերի 70 տոկոսը, որպեսզի օգուտ ստանալ, այսինքն` շահույթ է ապահովում մնացած 30 տոկոսը», — ասաց Զառա Մխեյանը։
Ինչպես բացատրեց Մխեյանը, հիմա այս շուկայում գումար վաստակելն ավելի է բարդացել։ Հատկապես, եթե խոսքը գնում է արժույթային ծախսերով միջոցառումների մասին, որովհետև փոխարժեքն ամեն օր փոխվում է, իսկ համերգները կազմակերպվում են կես տարի առաջ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին Ալեգրովայի այս տարվա համերգին, Մխեյանը նշեց` նոր շոու, նոր երգեր, նորացված հնչողությունը։
«Դա կլինի բոլորովին նոր, կերպարանափոխած Իրինա Ալեգրովա։ Լիրիկա, ռոք, բլյուզ, դասական երաժշտություն. այն ամենը, ինչ պետք է նույնիսկ ամենաքմահաճ և պահանջկոտ հանդիսատեսի համար։ Մենք բոլորս հիշում ենք, որ 2012թ-ին Ալեգրովան պատրաստվում էր լքել բեմը, քանի որ, իր խոսքով, ամեն ինչ արդեն երգել էր։ Բայց հենց այդ պահին, երբ որոշում է ամեն ինչ թողնել, պարզվում է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է»,- ասաց նա։
Մխեյանի խոսքով` կհնչեն նաև Ալեգրովայի հին, սիրված հիթերը, բայց երգչուհին կուրախացնի հայ հանդիսատեսին նաև նոր երգերով։