ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. McDonald's-ի առաջին երկհարկանի ռեստորանը կբացվի Երևանի գլխավոր հրապարակում, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վրաց գործարար Թեմուր Չկոնիան։
«Ես բազմիցս եղել եմ Հայաստանում և, կարծում եմ, որ McDonald's-ի առաջին ռեստորանի համար Երևանում լավագույն վայրը ձեր գլխավոր հրապարակի մոտակայքում գտնվող այգիներն են», — ասաց Չկոնիան։
Այսօրվա դրությամբ նախագիծը գտնվում է իրականացման փուլում, սակայն գործընթացը մի փոքր դանդաղում է, որովհետև ներդրողները դեռ չեն կարողանում առավել հարմար վայր գտնել ռեստորանի բացման համար։ Շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք։ McDonald's-ի շինարարությունը սկսվելու է տեղն ընտրելուց հետո։
Չկոնիան խոստանում է առաջին ռեստորանը բացել աննախադեպ կարճ ժամկետներում` հինգ ամսվա ընթացքում։ Հայաստանում ռեստորանի շինարարությամբ կզբաղվեն McDonald's-ի լավագույն մասնագետները։
Այն հարցին, թե Չկոնիան ինչպես է վերաբերում ԶԼՄ-ներում պարբերաբար ռեստորանի բացումը հերքող լուրերին, Չկոնիան լակոնիկ պատասխանեց. «Մինչդեռ նրանք ստուգում են իմ խոսքերի իսկությունը, ես աշխատաում եմ»։
«20 տարի է համագործակցում եմ McDonald's-ի հետ։ Նախքան հայ լրագրողների հարցմանն ու նամակներին պատասխանելը, McDonald's-ի ֆրանշիզի տնօրեն Ջեյմս Ա.Սերնետն այդ հարցն ինձ հետ է քննարկում», — ասաց Չկոնիան։
Չկանիոն տրամաբանական է համարում Էկոնոմիկայի նախարարի հարցմանն ի պատասխան՝ McDonald's տարածաշրջանային ղեկավար Սերնետի McDonald's —ի կառուցման ծրագրերը Հայաստանում չհաստատելը, քանի որ մինչև առաջին ռեստորանի նախագիծը չհաստատվի, խաղաքարտերը ժամանակից շուտ բացել չարժե։
Վրաստանի խոշոր գործարար Թեմուր Չկոնիան արդեն ստացել է Հայաստանում McDonald's բացելու հավանությունը։ Այդ հարցը որոշվում էր Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մայրաքաղաքից հետո McDonald's մտադիր է բացել նաև Հայաստանի մյուս քաղաքներում։
Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։