ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը ասաց, որ 4-5 մարդ է տուժել պատահարից, որոնցից երկուսին տեղափոխել են Հրազդան քաղաքի հիվանդանոց։
Գյուղապետը հաստատեց, որ փլուզման պատճառով 2 մարդ զոհվել է։ Նրանցից մեկի` խանութի սեփականատիրոջ դին փրկարարներն արդեն հանել են փլատակների տակից։
Այս պահին որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հրազդան բ/կ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ տեղափոխվել է երկու տուժած։ Նրանցից մեկը 40 տարեկան տղամարդ է` ունի ազդրի, կոնքի և ողնաշարի կոտրվածքներ։ Հարազատները ցանկացել են նրան տեղափոխել Երևան` Մուրացան բժշկական կենտրոն։ Մյուս տուժածը 23-ամյա աղջիկ է` կոնքի կոտրվածքով։ Նրան ևս կտեղափոխեն Երևան։
Որոշ լրատվամիջոցների տեղեկությամբ` մթերային խանութի շենքի տանիքը փլվել է կուտակված ձյան պատճառով։
Ժամը 12։30 ԱԻՆ լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խանութի փլուզման պատճառով մահացածները երկուսն էլ կանայք են, նրանցից մեկը 32 տարեկան է, մյուսը` 50։