ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի-Sputnik. «Նաիրիտը» տարվում է սնանկության, այսինքն` վաճառվելու է գործարանի գույքը, որի միջոցով պետք է մարվեն պարտքերը։ Այնինչ, «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտնեց, որ գույքի վաճառքով անգամ պարտատերերն իրենց գումարները լիարժեք չեն ստանա։
«Եթե օտարումը բարեխղճորեն կազմակերպեն, կստացվի 40-50 միլիոն դոլար։ Իսկ պարտքը 100 միլիոն դոլար է։ Եթե արվի սովորականի պես, գույքի վաճառքից կմնա մոտ 20-25 միլիոն դոլար։ Մենք հակառակն ենք ցանկանում, որ պարտատերերը մտածեն առողջացման ծրագրերի մասին, որովհետև պարզ է` «Նաիրիտի» գույքը վաճառելով` պարտատերերը կստանան ընդամենը 20 տոկոսը»,- ասաց Իսրայելյանը։
Մեկնարկեց պարտատերերի առաջին ժողովը։ Սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտնեց, որ կա 292 պարտատեր, որից ժողովին ներկայացել է 10-ը։ Ամենախոշոր պարտատերերն են ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն, «Երևանի ՋԷԿ»–ը, «Գազպրոմ Արմենիան» և «Նաիրիտ 2»–ը։ Հենց նրանցով կազմվեց պարտատերերի խորհուրդը։
«Ժողովի օրակարգի հարցն է` ձևավորել պարտատերերի խորհուրդ։ Ուզում եմ ասել, որ արդեն ստեղծվել է գույքագրման հանձնաժողով, իսկ օրենքով սահմանափակվում է առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը»,- ասաց սնանկության գործով կառավարիչը։
Ժողովից հետո «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը պարզաբանեց, որ առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեին պարտատերերը, բայց դա պետք էր անել մինչև առաջին պարտադիր ժողովը։
«Այսօր պարզ երևաց, որ «Նաիրիտը» տանում են լուծարման, գույքի օտարման։ Թթվածնի արտադրամասից արդեն իսկ սարքավորում են ապամոնտաժում, որը եղել է մեր պահեստային սարքավորումը, իսկ մեզ պատասխանում են` հա, ի՞նչ կա որ»,- բորբոքված ասաց Կարեն Իսրայելյանը։
Նա նշեց, որ այն առողջացման ծրագիրը, որը ներկայացրել էր գործարանի միակ ներդրողը, այդպես էլ անտեսվեց կառավարության կողմից։ Մեր հարցին` եթե «Նաիրիտը» հայաստանյան տնտեսության լուրջ խթանն էր, ապա ինչպե՞ս որոշվեց կործանել այն, Իսրայելյանը պատասխանեց` դրսի ընկերության թելադրանքով։
«Գերմանական «Բայեր» ընկերությունը կառավարության որոշ մարդկանց շահագրգռել է Նաիրիտը փակելու իր առաջարկով ։ Այդ ընկերությունը «Նաիրիտի» հետ կապված կորցնում էր իր շուկան։ Մենք ռուսական շուկան արդեն վերցրել էինք մեր տրամադրության տակ, իսկ «Բայեր»-ը 2006 թվականին շուկայից դուրս էր եկել»,- ասաց Իսրայելյանը։
Նրա խոսքով` կանխելու համար կորցրած վնասները, գերմանական ընկերությունը «գնել» է որոշ մարդկանց և համապատասխան սխեմայով գործարանը հասցրել սնանկության։