ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Իմ անմոռանալի 20-րդ դարը» գիրքը պատմում է, թե ինչ է տեսել և ինչ դեպքերի է մասնակցել Էդուարդ Հայկազյանն իր ակտիվ աշխատանքի տարիներին։ Հեղինակը հիշում է, թե ինչպես է Հայաստանի երկրաշարժից տուժածներին օգնության ձեռք մեկնել խոշոր արդյունաբերող, հասարակական գործիչ և բարերար Արմանդ Համերը։
«Դեկտեմբերի 11-ի առավոտյան նա իր ինքնաթիռով ժամանեց Մոսկվա։ Ես դիմավորեցի նրան «Շերեմետևո 2» օդանավակայանում։ Նա ինձ 1 միլիոն դոլարի կտրոն ցույց տվեց (նրա անձնական ավանդը Հայաստանին օգնելու գործում), ինչպես նաև բժշկական սարքեր և դեղորայք, որոնք բերել էր անձնական ինքնաթիռով։ Մենք մի քանի րոպե զրուցեցինք, ես նրան որոշ մանրամասներ պատմեցի բնական աղետից, և հետո հրաժեշտ տվեցինք միմյանց։ Նա շատ մտահոգված էր և անկեղծորեն ցավում էր հայ ժողովրդին բաժին հասած դժբախտության համար։ Կես ժամ անց Համերը մեկնեց Հայաստան»։
Երկրաշարժից հետո Հայկազյանը` որպես Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, հանդիպել է արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների և առանձին գործիչների հետ, որոնք օգնել են Հայաստանին բնական աղետի հետևանքները վերացնելու գործում։ Անմոռանալի շփումներից մեկն էլ եղել է Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը, որի պատվին «Ինտուրիստ» ռեստորանում Էդուարդ Ասատուրովիչը ընթրիք է կազմակերել Հայաստանի կառավարության անունից։
«Ընթրիքից հետո մենք միասին զբոսնեցինք Մոսկվայում։ Նա հուզմունքով պատմեց Հայաստանին օգնելու իր ծրագրերի մասին։ Հրաժեշտի ժամանակ մեծ հայրենակիցն ինձ նվիրեց նոր լույս տեսած ձայնապնակը` «Քեզ համար Հայաստան» երգով, որի բառերն ինքն էր գրել, իսկ երաժշտությունը` Ժորժ Կարվարենցը», — գրում է Հայկազյանը։ Գրքում նկարագրվում են զավեշտալի դեպքեր` արտասահմանում հայրենակիցների հետ հանդիպումների մասին։ Լոնդոնում խորհրդային դեսպանատան մոտ հեղինակը նկատել է մի անծանոթի, որը հանդիպակաց փողոցում ինչ-որ հասցե է փնտրել։
«Տեսնելով ինձ` նա մոտեցավ և անգլերեն հարցրեց, թե որտեղ է գտնվում խորհրդային դեսպանատունը։ Ես գուշակեցի, որ նա մեր մարդն է և անցա ռուսերենի։ Այդ ժամանակ նա ասաց, որ Հայաստանից է, վերապատրաստում է անցնում Էդինբուրգում և ցանկանում է հանդիպել դեսպանատան` գիտության հարցերով խորհրդականի հետ։ Ես առաջարկեցի անցնել մայրենի լեզվին, նա ժպտաց և հարցրեց` ինչպես կարելի է գտնել Էդուարդ Ասատուրի Հայկազյանին` ավելացնելով, որ նամակ ունի նրա համար։ Երբ ես ասացի, որ ինքը խոսում է հենց Հայկազյանի հետ, շատ ուրախացավ և գրպանից հանելով նամակը` պարզեց ինձ», — հիշում է գրքի հեղինակը։
Նամակն ընկերոջից էր` Հրաչիկ Կարապետյանից էր, որը հայտնում էր, որ նամակը հանձնողը մտերիմ մարդ է` Էմիլ Գաբրիելյանը (հայտնի հայ գիտնական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, եղել է Հայաստանի առողջապահության նախարարը) և խնդրում էր օգնել նրան։
«Մենք այդպես ծանոթացանք, հետագայում ընկերացանք և երկար տարիներ պահպանեցինք այդ ընկերությունը», — հիշում է գրքի հեղինակը։
Նրա հուշերում հատուկ տեղ է հատկացված սառը պատերազմի շրջանում խորհրդային-բրիտանական տնտեսական և գիտատեխնիկական կապերին, ինչպես նաև խորհրդային-ամերիկյան և գիտատեխնիկական համագործակցությանը (1972 — 1980 թթ.)։