ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Պետական և հասարակական կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ, ինչպես նաև ուսանողներ մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացված «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն` ապագա սերունդների համար» երկրորդ միջազգային համաժողովին։
Համաժողովի մասնակիցներից մեկը` Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արտեմ Կիվինովը խոստովանեց, որ ուրախ է գտնվել «Հայաստանի բարեբեր հողում»։
«Սա շատ կարևոր միջոցառում է մեր երկրների հարաբերությունների ամրապնդման առումով, թեև հայերը և ռուսները, նույնիսկ պատմության բարդ շրջաններում, երբեք չեն կանգնել բարիկադների տարբեր կողմերում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Արտյոմ Կավինովը։
Հայ-ռուսական բամզադարյա հարաբերություններում իրենց ավանդն են ունեցել բազմաթիվ մարդիկ։ Համաժողովը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության համար, որը կզարգանա նաև տարբեր միջազգային հարթակներում, կարծում է ռուս պատգամավորը։
Պատգամավորը համոզված է, որ համաժողովից իր հետ Ռուսաստան կտանի շատ հետաքրքիր բաներ։ Նրան ուրախացնում է այն, որ մասնակիցների մեծամասնությունը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, որոնք Ռուսաստանի և Հայաստանի ապագան են։
«Այսօր մենք դինամիկ կառուցում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Կարևոր քայլ է դարձել մեր երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունը` վիզային ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ հանելը, որոնք նախկինում խանգարել են հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը», — ասաց Կավինովը։
Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի առանցքային գործընկերներից է և այն ակտիվ առաջ է մղում ԱՊՀ գաղափարը։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում նախատեսվում է ստեղծել միջկրոնական փոխազդեցության լրացուցիչ ինստիտուտ։
Հայաստանի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նույնպես նշանակալի է համարում համաժողովի անցկացումը։
«Սա ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հիմքում հերթական քարն է։ Հենց նման ամուր հիմքի վրա էլ կառուցվում են մեր հարաբերությունները», — Sputnik Արմենիային ասաց Դավթյանը։
Նա համոզված է, որ նման համաժողովներն օգնում են պահպանել ազգային արժեքները, ամրապնդել երկկողմ մարդասիրական և մշակութային կապերը։
Միջոցառման շրջանակում նաև տեղի է ունեցել Ռուսաստանում և Հայաստանում աշխարհիկ և հոգևոր կրթության զարգացման պատմության վերաբերյալ արխիվային նյութերի ցուցահանդես։
«Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն` ապագա սերունդների համար» միջազգային համաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2016 թ-ի գարնանը։ Այս տարի այն կազմակերպվել է Աֆոն սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցության բարեգործական հիմնադրամի կողմից` Ռուսական ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ։