ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Յուրօրինակ ձևավորմամբ և սահմանափակ՝ 100 օրինակից պատրաստված հուշանվերային ալբոմում ամփոփված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված և առ այսօր թողարկված հայկական փոստային նամականիշները, տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կաքը։
Ներկայացված են նաև ուշագրավ դրվագներ ու պատմություններ անվանի հայ մարշալների, ականավոր հետախույզների, հայ փառապանծ հերոսների ու հայկական դիվիզիաների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորել են հայ-ռուսական վաղեմի բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, խորին հարգանքը վետերանների հանդեպ:
«Կարող է թվալ, թե հայկական զինված ուժերը 25 տարի առաջ ձևավորվել են զրոյից։ Սակայն հայկական բանակի ամուր հիմքերն իրականում կազմավորվել են շատ ավելի վաղ՝ այն հերոսական ավանդույթների հիման վրա, որոնք դրսևորվեցին Մեծ հայրենականի տարիներին, Սարդարապատի ճակատամարտում և մյուս հերոսական մարտերում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նախկին ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ հայերը կարողացան միահամուռ ուժերով մարդկությունն ու աշխարհը փրկել ֆաշիզմից»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: