ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sptunik. Շատ ռոմանտիկ, գեղեցիկ ձմեռ էր՝ առատ տեղումներով: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանն անցնող ձմեռն այդպես բնորոշեց ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը:
«Կարծում եմ՝ այս ռոմանտիկ ձմեռն ուրախացրեց հատկապես երևանցիներին: Բացի ռոմանտիկ գեղեցկությունից, այն նաև բազում հոգսեր պատճառեց մայրաքաղաքի բնակիչներին »,- ասաց փրկարար ծառայության մայորը:
Ձմեռվա ընթացքում պետական և համայնքային մարմինները շուրջ 1000 ահազանգ են ստացել վտանգավոր սառցալեզվակների մասին: 460 երևանյան հասցեներում այդպիսի շենքերը վնասազերծվել են: Սառցալեզվակների վայր ընկնելու պատճառով տուժողներ չեն եղել:
«Փրկարարների աշխատանքի շնորհիվ ժամանակին հեռացնելով այդ սառցալեզվակները, այսօր չունենք գրանցված դեպք, որ դրանցից որևէ մեկը տուժել է: Կարևոր է, որ մահացու դեպքեր չունենք»,- ասաց նա:
Սառցալեզվակների հեռացման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Փրկարարներն էլ շարունակում են դրանց մասին ահազանգեր ստանալ:

Ձմռան ընթացքում ձյան և բքի պատճառով ավտոճանապարհներին արգելափակվել է շուրջ 230 ավտոմեքենա: Փրկարարներին հաջողվել է փրկել ավելի քան 700 մարդու կյանք: