ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Անգլիական պրեմիեր լիգայի ամենատիտղոսակիր ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո 24-րդ տուրում հաղթանակ տարավ «Քինգ Պաուեր» մարզադաշտում` երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Լեսթեր Սիթիի» դարպասը: Հյուրերի կազմում հերթական անգամ գլխավոր գործող անձանցից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որը մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում կատարեց: Պրեմիեր լիգայի 14 խաղերում Հենրիխը արդեն երեք գոլի և նույնքան արդյունավետ փոխանցումների հեղինակ է դարձել:
«Լեսթեր»-ը բավականին երկար կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, սակայն «Կլաուդիո Ռանիերի» թիմը ընդմիջման գնաց` երկու գնդակ զիջելով ավելի փորձառու հակառակորդին: 42-րդ րոպեին Քրիս Սմոլինգը խաղադաշտի կենտրոնում օդային պայքարում հաղթող դուրս եկավ և գնդակն ուղարկեց Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը մեկ հպումով առաջ անցավ Ռոբերտ Հուտից, մեծ արագությամբ մտավ տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը: Դանիացին հասավ գնդակին, սակայն իր թիմին փրկել չկարողացավ: Սկզբունքորեն, չէր էլ կարող, քանի որ հայ կիսապաշտպանի հարվածը ուժեղ էր և դիպուկ:
Այդպիսով, Մխիթարյանը սկիզբ դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին, քանի որ, ոգևորության ալիքի ներքո, մանկունյանցիները առաջին գոլից երկու րոպե անց, կրկնապատկվեցին հաշիվը՝ Զատան Իբրագիմովիչի ջանքերի շնորհիվ: Ընդմիջումից հետո Մխիթարյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ իր վարպետությամբ: Մխիթարյան-Մատա դուետը խաղի 49-րդ րոպեին պարզապես պատռեց Անգլիայի գործող չեմպիոնի պաշտպանությունը: Հենրիխը, կարծես, չնկատեց «Լեսթերի» երեք պաշտաններին և, Մատայից ստանալով գնդակը, պաշտպանների միջով խաղընկերոջը դուրս բերեց վերջնական հարվածի: Ըստ էության, երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղի ելքն արդեն կանխորոշված էր` շնորհիվ Հայաստանի հավաքականի առաջատարի փայլուն խաղի:
Այս հաղթանակից հետո Մանչեսթերի ֆուտբոլիտները հավաքեցին 45 միավոր և շարունակում են պայքարը առաջնության լավագուն քառյակում ընդգրկվելու համար: