Լիլիթ Հարությունյան, Sputnik.
Ի սկզբանե «Հայաստանի գինիները» ուղեցույցը ներկայացվել է «Ռուսական գինիներ» հրատարակության կազմում, Sputnik Արմենիային հաղորդեց Ռուսաստանի սոմելյենրի և փորձագետների ղեկավար, «Գինու նոր ընկերություն» նախագծի ղեկավար Արթուր Սարգսյանը:
«Շատերն են հետաքրքրվել Հայաստանի գինիներով, բայց ոչ բոլորն էին ցանկանում գնել ուղեցույց, որտեղ ներկայացված են ռուսական բրենդերը: Այսինքն, այդքան էլ կոռեկտ չէր երկու ուղեցույցը մեկ գրքում վաճառել: Այդպիսով, մենք որոշեցինք թողարկել հայկական գինիների առանձին ուղեցույց ռուսերեն և անգլերեն՝ 200 օրինակ տպաքանակով: Բանն այն է, որ ի սկզբանե նախագիծը գործընկերներ չուներ, հիմա դրան աջակցում են երկու երևանյան ռեստորաններ»,- ասաց Սարգսյանը:
Սոմելյեն նշեց, որ այդ ուղեցույցի ստեղծման գաղափարը կապված է Հայաստանում գինեգործության զարգացման հետ:
«Ես ազգությամբ հայ եմ, և քանի որ մեզանից յուրաքանչյուրի մեջ առկա է այն ջերմությունը, որը կա հենց Հայաստանում, ապա որքան հեռու էլ լինես նրանից, հասկանում ես, որ դա քո հայրենիքն է: Ես ծնվել եմ Թբիլիսիում, իսկ 1991թ-ին տեղափոխվել եմ Մոսկվա, բայց ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու են Հայաստանում արտադրում կոնյակի լավ սպիրտ, ինչպես նաև հիանալի մրգային գինիներ, բայց չկան որակյալ չոր գինիներ»։
…Եվ ծագեց գրքի գաղափարը:
Ինչպես ստեղծվեց «Հայաստանի գինիները» ուղեցույցի գաղափարը
«2010թ-ին առաջին անգամ մտածեցի ռուսական գինիների ուղեցույցի մասին և այցելեցի երկրի բոլոր գինեգործական տնտեսությունները: Ցավոք, Հայաստանը տվյալ պահին դեռ հեռու էր կատարելությունից. յուրաքանչյուրը փորձում էր այնպես անել, ինչպես ինքն է ցանկանում: Միակ արտադրողը, որն այդ ժամանակ տարածում էր իր գինիներն ամբողջ Եվրոպայում, Զորիկ Ղարիբյանն էր»,- ասաց Սարգսյանը:
Գաղափարի հեղինակները նախատեսում են ուղեցույցը հրատարակել ամեն տարի՝ համագործակցություն հաստատելով հյուրանոցների, զբոսաշրջային գործակալությունների և այլ կազմակերպությունների հետ: Փորձագետի խոսքով՝ դա թույլ կտա ավելացնել ուղեցույցի տպաքանակը՝ այն դարձնելով ավելի մատչելի:
«Այսօր դրա պահանջարկը բավական մեծ է: Առայժմ ուղեցույցը կարելի է ձեռք բերել ինտերնետով: Ի դեպ, գոյություն ունի անվճար առցանց տարբերակ, որը կարելի է ներբեռնել ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար: Առաջիկայում մենք կպայմանավորվենք Հայաստանի գինու խանութների և ռեստորանների հետ, որտեղ գիրքը կվաճառվի մեծ քանակությամբ՝ մատչելի գնով»,- ասաց փորձագետը:
Նրա կարծիքով՝ ուղեցույցը կօգնի սպառողին կողմնորոշվել շուկայում ներկայացված հայկական գինիների հարցում:
«Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ Հայաստանում տեղեկություն կհայտնվի որակյալ գինիների մասին»,- հավելեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արտադրողների և խաղողի այգիների ոչ մեծ թվի պատճառով առանձին գիրք ստեղծելու անհրաժեշտություն չի եղել:
«Ամեն տարի հրատարակվող «Ռուսական գինիներ» ուղեցույցում եղել են էջեր, որտեղ ամեն անգամ ներկայացված է եղել Հայաստանը: Ամեն տարի հայկական գինեգործությանը նվիրած էջերն ավելացել են: Երբ ես հասկացա, որ կարելի է ուղեցույց հրատարակել, արեցի դա: Այսօր ուղեցույցում ներկայացված են շատ հայկական գինիներ, որոնք կարող են մրցել համաշխարհային արտադրողների հետ: Այդ ամենը տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ հայտնվել են ներդրողներ, մարդիկ, որոնք «հիվանդացել» են գինեգործությամբ և դրանով ցույց տվել, որ Հայաստանը ոչ միայն սպիրտ արտադրող է, այլ նաև կարող է ստեղծել բարձրորակ գինիներ»,- ասաց սոմելյեն:
Նա հավելեց, որ հայկական գինիների շուրջ 85 տոկոսը տեղ է գտել ոչ միայն հեղինակային հրատարակությունում, այլ նաև Գինու նոր ընկերությունում, որը տարածում է դրանք ամբողջ Ռուսաստանով:
ՈՒղեցույց սպառողի համար և խթան՝ արտադրողի
«Ամեն անգամ, երբ ես շնորհանդեսներ եմ անցկացնում, կրկին համոզվում եմ, որ հայկական գինեգործությունը հաստատում է Հայաստանի կարգավիճակը՝ որպես հին գինեգործական երկրի, բայց ինչ-որ պահ է եղել, երբ գինու արտադրությունը երրորդ պլան է մղվել, իսկ հիմնական շեշտը դրվել է թունդ ալկոհոլի վրա»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ մեր երկրում գինեգործության զարգացումն իրեն անչափ ուրախացնում է:
«Հայաստանն այսօր ներկայացնում է հիանալի գինիներ, և ես շատ կցանկանայի մասնակցել նրան, որպեսզի այդ մասին իմանան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ամեն տարի ես խոշոր միջոցառումներ եմ անցկացնում համաշխարհային փորձագետների մասնակցությամբ: Նրանք գինիների մասին ուղեցույցից իմանում են այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ հրատարակությունը յուրահատուկ խթան է արտադրողների համար։
«Ես ստիպված եմ լինում համտեսել հսկայական քանակությամբ գինիներ, ցավոք սրտի, ոչ միշտ լավ որակի: Դրանց շարքում ես ընտրում եմ լավագույնը, որպեսզի սպառողը կարողանա ճիշտ ընտրություն կատարել: Բացի այդ, գինու ուղեցույցը որոշակի խթան է հենց արտադրողների համար: Չէ որ դրա էջերում հայտնվելը նշանակում է ըստ արժանվույն գնահատվել»,- ասաց սոմելյեն:
Լավագույն 50 օրինակը
«Հայաստանի գինիներ» գրքում ներկայացված են ժամանակակից գինեգործության 15 առավել հետաքրքիր նախագծեր, նկարագրվել են երկրի հիմնական գինեգործական շրջանները, տեղեկություններ կան խաղողի առավել կարևոր տեղական տեսակների մասին:
Նախնական համտեսների ժամանակ փորձված 100 գինիներից հեղինակն ընտրել է 50-ը, որոնք OIV (Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն) 100-բալանոց համակարգով ստացել են 82-ից ավելի միավոր:
Ուղեցույցում ներկայացված է տեղեկատվություն գինու արտադրության, մատուցելու ջերմաստիճանի և խոհարարական համադրության մասին: 86-ից ավելի միավոր ստացած գինիների համար գրվել են հեղինակային նկարագրություններ: