ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Տնտեսագետ Արտակ Մանուկյանը վստահեցնում է, որ մի կարճ ժամանակահատված գազի սակագինը ցածր կլինի, իսկ 2017 թվականի հուլիսին կապույտ վառելիքը կրկին կթանկանա։
Նրա խոսքով` գնի նվազումը դրական երևույթ է, սակայն դա նաև վկայում է, որ սպառողները տևական ժամանակ բարձր գին են վճարել գազի համար։
«Գազի գինն իջեցնելու օբյեկտիվ պատճառներ չկան։ Դրամ-դոլար հարաբերակցությունը լուրջ փոփոխություններ չի կրել, գնի վերանայման համար այլ գործոններ չկան։ Այսինքն, առաջին հայացքից «Գազպրոմ Արմենիան» դա արել է ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին։ Սակայն նշված գնի պարագայում ընկերությունը վնասով է աշխատելու», — ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` «մեր պետական բյուջեն չի կարող դա քաշել. եթե հունվարին անգամ էժանանա, հուլիսին կրկին թանկանալու է»։
Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտում խոսվում է այն մասին, որ այդ իջեցումը որոշակի ժամանակահատված կգործի։
«Գազի գինն իրականում չի նվազել, փոխվել է վճարողը: Եթե առաջ սպառողն էր վճարում, ապա հիմա բյուջեն է, դա իհարկե սպառողի համար լավ է, բայց պետության, տնտեսության վրա անդառնալի ազդեցություն կունենա՝ մրցակցության հերը կանիծի», — ասաց Մանուկյանը։
Ըստ նրա՝ իջեցումը լինելու է բյուջեի միջոցների հաշվին:
«Այսինքն՝ բոլորս ավելի շատ ենք բյուջե մուծելու կամ մեր մուծած չափից մի մասը գնալու է այն շերտերին, որոնց համար պետք է տեղի ունենա գազի գների իջեցում: Գազի գների, սակագնի իրական իջեցում՝ սակագինը հաշվող կոմպոնենտների հաշվին, չկա»,-ասաց նա` վստահեցնելով, որ սա PR, նախընտրական ակցիա է։
Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը խոստովանեց, որ տհաճ զարման ք է ապրել կառավարության կողմից հավանական սուբսիդավորման մասին հայտարարությունից։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 950 փոքր և միջին ջերմոցային տնտեսությունում շուրջ 18 հազար մարդ կա։ Եթե գազի գնի իջեցումը երկարատև չլինի, ապա, նրա խոսքով, տնտեսությունների քանակը կշարունակի նվազել։
«Գազի գինը կազմում է ջերմոցային պայմաններում աճեցված մթերքների ինքնարժեքի շուրջ 40-50%-ը։ Սա աղետալի թիվ է։ Սակագնի երկարաժամկետ իջեցումը մթերքների գինը կնվազեցնի մինչև 6%», — ասաց Գևորգյանը։
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների դեպքում առաջարկվում է վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանել 100000 դրամ, ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 139000 դրամ։
Վերջին անգամ գազի սակագինը ներքին սպառողի համար իջեցվել է 2016 թվականի հուլիսի 1-ին։