ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վիգեն Սարգսյանի` ԻԻՀ-ում պաշտոնական դիմավորման լուսանկարները։
Ավելի ուշ, 2 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը ասել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ։
Իր գոհունակությունը հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ` Հոսեյն Դեհղանը ասել է նաև, որ Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել նրանց հետ:
Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին` Հոսեյն Դեհղանը նշել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: «Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»,-նշել է նախարարը:
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, ևս համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Հայաստանի պաշտպանության նախարար նշել է նաև, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում ցանկանում է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այս այցը կնպաստի հետագա համագործակցությանը:


Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: